Հայկական կողմը սպասում է ադրբեջանական և ռուսական կողմերի պատասխանին

Հայաստանից դեպի Արցախ մոտ 400 տոննա մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները արդեն 20 ժամ է Սյունիքի Կոռնիձորում են՝ հայկական անցակետի մոտ։

«Ազատության» թղթակիցը տեղից հաղորդում է, որ մեքենաները Հակարիի կամրջի մոտից առաջ չեն շարժվել, ռուս խաղաղապահներին բեռը չի փոխանցվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Որևէ տեղաշարժ դեռ չկա»․ գրեթե 20 ժամ է՝ հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Կոռնիձորի հատվածում ենՄարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով ԼՂ մուտք գործելուն․ փոխարտգործնախարարԴեպի Արցախ մարդասիրական բեռներ տեղափոխող բեռնատարները երեկվանից հայկական անցակետի մոտ են

Ինչո՞ւ Ադրբեջանը թույլ չի տալիս այդ բեռների մուտքը, հռետորական հարց բարձրացրեց Հայաստանի վարչապետը՝ այսօր կառավարության նիստում թվարկելով, թե ինչ կա 19 բեռնատարների մեջ՝ ալյուր, շաքարավազ, աղ, չոր սնունդ, եզրահանգելով՝ մի՞թե նպատակը ԼՂ ժողովրդին սովին մատնելն ու ցեղասպանության ենթարկելն է. - «Անկախ մեր գնահատականներից սակայն, մենք սպասում ենք Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի Լեռնային Ղարաբաղում տեղակայված, պաշտոնական Բաքվի դրական արձագանքին, որովհետև հումանիտար բեռի մուտքը թույլ չտալը ընդամենը կհաստատի Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները»։

Բացման կարճ խոսքում Փաշինյանը չասաց, թե ինչու Արցախի շրջափակման 8-րդ և լիակատար պաշարման առաջին ամսից հետո Հայաստանի կառավարությունը միայն երեկ որոշեց «Սնունդ կյանքի համար» պաստառներով հումանիտար օգնությունն ուղարկել արցախցիներին։ Նա չարձագանքեց նաև Բաքվի գնահատակներին, որը մարդասիրական այս քայլը «սադրանք» և «տարածքային նկրտում» էր որակել։

Փոխարենը հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հենց բեռնատարների առջև լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ սա միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարում է. - «Այսինքն՝ մարդկանց շրջափակման մեջ պահելը սադրանք չի ըստ իրենց, մարդկանց գազը, էլեկտրաէներգիան անջատելը, կապը արտաքին աշխարհի հետ կտրելը սադրանք չէ, բայց նրանց ձեթ, ալյուր, առաջնային դեղորայք, երեխայի կեր հասցնելը սադրա՞նք է։ Հետևաբար սադրանքը, կրկնում եմ, ցեղասպանության վտանգի առաջ մարդկանց կանգնացնելն է, սադրանքը էթնիկ զտումն է, սադրանքը հազարավոր սովի մատնված մարդկանց ասելն է՝ ձեր խաղը ավարտված է։ Դա' է սադրանքը»։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը երեկ նաև հայտարարել էր, թե «բրյուսելյան պայմանավորվածության համաձայն, Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը լիովին պատրաստ է բոլոր տեսակի ապրանքների առաքման համար»։ Արցախը հրաժարվում է ադրբեջանական առաջարկից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից հերքում են, թե Աղդամից օգնություն է փոխադրվել Ստեփանակերտ

Այսօր վարչապետ Փաշինյանը միայն համոզմունք հայտնեց, որ հումանիտար բեռների մուտքը Արցախ կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատաման ջանքերին. - «Դրական քայլ կլինի վստահության մթնոլորտի հաստատման ճանապարհին»։

Հումանիտար օգնություն Հայաստանից Արցախ շարժվեց Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման հենց հաջորդ օրը։ Լրագրողների հետ ճեպազրույցում հատուկ հանձնարարություններով դեսպան Մարուքյանը հստակ չպատասխանեց՝ արդյո՞ք Արարատ Միրզոյանն այս նախաձեռնության մասին խոսել է իր գործընկերենրի հետ՝ նշելով միայն, թե բարձրացվել է Լաչինի միջանցքի վերաբացման, շրջափակումը վերացնելու հարցերը՝ համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության։

Էդմոն Մարուքյան

Դիտարկմանը, թե այդ դեպքում, առանց երաշխիքների, ինչու՞ է Հայաստանի կառավարությունը հենց հիմա որոշել 19 բեռնատարները կանգնեցնել դեպի Արցախ տանող փակ ճանապարհին, Մարուքյանն արձագանքեց. - «Յոթ ամսվա ընթացքում եղել է շրջափակումը, որից, հունիսի 15-ից սկսած՝ ամբողջական շրջափակում է, այսինքն՝ էդ ամբողջ ընթացքում Հայաստանը փորձել է, Լեռնային Ղարաբաղի բեռները փորձ է արվել տանել... այդ ամբողջ ընթացքում աշխատանք է իրականացվել։ Դա ուղղակի դուք մասնավորեցնում եք էս դեպքի վրա։ Անընդհատ դա եղել ա։ Էս առիթով միջազգային լուսաբանումն ա միգուցե ավելի շատ, որովհետև հումանիտար ճգնաժամն է ավելի շատ սրվել, քան նախկինում կար։ Սրանք հանգամանքներ են, որ մենք պետք ա հաշվի առնենք, որովհետև վիճակը գնալով սրվում է»։

Սյունիքում մնացած օգնության ճակատագիրը դեռ պարզ չէ։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը տեղեկացրել է, որ դիմել են և' ռուսական, և' ադրբեջանական կողմերին, պատասխան դեռ չկա։

Արցախ ուղարկվող բեռնատարներն երեկ բացվել էին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ, դեսպանները ծանոթացել էին ապրանքատեսակներին։