Արցախից մտահոգություն է հնչում՝ «անասելի չափ իջեցվել է նաև Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը»

Արցախից ահազանգում են՝ անասելի չափ իջեցվել է նաև Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը»:

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն է Ֆեյսբուքում նման մտահոգություն հայտնել՝ նշելով՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հայտարարել և հայտարարում են, որ անհրաժեշտ է Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն՝ միջազգային մեխանիզմի շրջանակում:

Ըստ պետնախարարի՝ Արցախի ժողովուրդը ևս հասկանում է, որ երկխոսությունն անհրաժեշտ է՝ խոսելու, քննարկելու իրենց իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը ներկայացնելու և պաշտպանելու, տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն նպաստելու համար:

Բայց, վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությունը, Ներսիսյանը նշում է՝ Լավրովի հայտարարությունից պարզ է դառնում, որ Հայաստանի կողմից արդեն որոշվել է այդ երկխոսության ընթացքում քննարկման ենթակա հարցերի շրջանակը, կամ ՀՀ-ն համաձայնվել է Ադրբեջանի կողմից առաջարկված քննարկման առարկայի հետ:

«Հիմա կամ ՀՀ կողմից պետք է հերքվի այդ հանգամանքը, կամ պետք է արձանագրենք, որ անասելի չափ իջեցվել է նաև Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը», - գրել է Ներսիսյանը՝ շեշտելով՝ սա շատ կարևոր է, որպեսզի հայ ժողովուրդը, այդ թվում՝ արցախահայությունը, հասկանան իրենց հետագա անելիքները:

Երևանը դեռ չի արձագանքել Ստեփանակերտի այս մտահոգությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության շուրջ համաձայնություն չկա, Արցախից հայտնում են՝ Ադրբեջանը ինտեգրացիա է պահանջում

Երեկ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների ավարտին Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ «Հայկական կողմում առկա է այն ըմբռնումը, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ շուտափույթ կերպով հանդիպումներ անցկացնել ադրբեջանական ներկայացուցիչների հետ՝ այն իրավունքների համաձայնեցման նպատակով, որոնք բխում են համապատասխան օրենսդրությունից, միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի կողմից ստանձնած)՝ ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ միջազգային կոնվենցիաները», - հայտարարում էր Լավրովը։

Լավրովը նաև նշում էր, որ «ադրբեջանական կողմը, փոխադարձության սկզբունքից ելնելով, պատրաստ է նույնանման երաշխիքներ տրամադրել իր տարածքում ապրող մարդկանց։ Հայերն այդ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով պատրաստ են նույնն անել այն մարդկանց պարագայում, որոնք ապրում են Հայաստանի Հանրապետությունում»։

Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքից ստացվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովումը բանակցությունների ընթացքում ուղղակիորեն շաղկապվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմային։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների քննարկման համար մի շարք փաստաթղթեր են պատրաստվում. Լավրով