Մատչելիության հղումներ

Հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով՝ համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում․ Արցախի նախագահ


Միջազգային հանրության կողմից վճռական գործողությունների ուշացումը օր օրի մոտեցնում է անդառնալիության կետը, երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շեշտելով՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարող համարվել լուծված, քանի դեռ չեն լուծվել դրա հիմքում ընկած քաղաքական հիմնախնդիրները, այն է՝ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների, ներառյալ ինքնորոշման իրավունքի ճանաչման ու պաշտպանության հետ կապված խնդիրները:

Ըստ Արցախի նախագահի՝ հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով, իսկ Արցախը միշտ բաց է եղել Ադրբեջանի հետ բանակցությունների համար՝ հասնելու հակամարտության հավասարակշռված, արդար և արժանապատիվ կարգավորման:

«Ելնում ենք նրանից, որ բանակցությունները պետք է անցկացվեն համապատասխան մանդատով օժտված, համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում: Դա թույլ կտա ապահովել միջազգային հանրության գործուն մասնակցությունը բանակցային գործընթացին և դրա լեգիտիմությունը», - ասել է Արցախի նախագահը։

Նրա խոսքով՝ բանակցությունները պետք է հիմնված լինեն «երկու կողմերի՝ տարաձայնությունները բարեխղճորեն կարգավորելու անկեղծ ցանկության վրա: Դա չպետք է ցուցադրական բնույթ կրի՝ կողմերից մեկի կամքը մյուսին պարտադրելու նպատակով»:

Բանակցային գործընթացի շրջանակներում միջազգային հանրությունը պետք է երաշխավորի, որ ուժ կամ ուժի սպառնալիք չի կիրառվի, հայտարարել է Հարությունյանը՝ կրկին շեշտելով՝ անհարժեշտ են նաև միջազգային երաշխիքների գործուն մեխանիզմներ, որոնք կապահովեն կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը:

Արցախի նախագահը նաև կարևորել է, որ կողմերը զերծ մնան միակողմանի պարտադրանքի միջոցների կիրառումից, ներառյալ՝ քաղաքական, ռազմական և ցանկացած այլ ճնշման միջոցները:

«Բանակցությունների նպատակը պետք է լինի ոչ թե վերջնագրերի օրինականացումը կամ պարտադրումը, այլ համագործակցության մթնոլորտի ձևավորումը», - ասել է Արցախի նախագահը:

«Անթույլատրելի է մարդկանց տառապաքներն առևտրի առարկա դարձնելը»

Հարությունյանն անթույլատրելի է համարել մարդկանց տառապաքներն առևտրի առարկա դարձնելը՝ շեշտելով՝ պետք է անհապաղ դադարեցվի Արցախի տրանսպորտային և էներգետիկ շրջափակումը՝ համաձայն Միջազգային դատարանների որոշումներին և արդարության սկզբունքների:

«Շրջափակման դադարեցումը և մարդկանց տառապանքների թեթևացումը անհրաժեշտ նվազագույն նախադրյալներ կստեղծեն բանակցությունները սկսելու համար և առավել բարենպաստ պայմաններ կձևավորեն բովանդակալից քննարկումների համար», - ասել է Հարությունյանն՝ ընդգծելով՝ խաղաղ գործընթացի առանցքային հարցերից մեկը եղել և շարունակում է մնալ Արցախի կարգավիճակի հարցը, որը, միջազգային իրավունքի տեսանկյունից, շարունակում է մնալ չլուծված:

«Մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ցեղասպանության կանխարգելման անհրաժեշտությունը անառարկելի հիմք են ապահովում արտաքին ինքնորոշման ապահովման ու ճանաչման համար՝ «անջատում հանուն փրկության» կոնցեպտի հիման վրա», - ասել է Արցախի նախագահը:

Միջազգային հանրությունից ակնկալիքները


Այսօր Արցախը հայտարարում եմ աղետի գոտի, նաև նշել է Արայիկ Հարությունյանը՝ շեշտելով՝ ակնկալում է միջազային հրատապ արձագանք և անվտանգային, քաղաքական ու հումանիտար աջակցություն միջազգային հանրությունից՝ կոլեկտիվ և անհատական կերպով:

Արցախի նախագահը տեղեկացրել է, որ նամակներ են հղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահներին, մանրամասն նկարագրել Արցախում տիրող հումանիտար իրավիճակը և պահանջել իրականացնել գործում քայլեր իրավիճակին համարժեք արձագանքնելու համար։

Ստեփանակերտը նաև Ռուսաստանից ունի պահանջներ՝ կատարել անվտանգության երաշխավորի պարտավորությունները, իսկ Հայաստանից պահանջում է զերծ մնալ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ հայտարարությունից ու գործողությունից՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

«Պահանջում ենք ՄԱԿ-ի Անվտագության խորհրդից իր մանդատի և պարտավորությունների շրջանակում վճռական քայլեր ձեռնարկել՝ կանխարգելելու Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը և ապահովել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման որոշումների կատարումը:
Այս կապակցությամբ, հրատապ եմ համարում Միավորված ազգերի կազմակերպության, նրա ողջ համակարգի և գործակալությունների ներգրավվածությունը, որոնք հատուկ լիազորված են գործել հումանիտար ճգնաժամերի իրավիճակներում», - ասել է Արցախի նախագահը՝ եզրափակելով․ - «Վերջիվերջո, Ադրբեջանի միջազգային անպատժելիությունը պետք է մեկ օր կասեցվի, այլապես այն ծնելու է նորանոր դաժանագույն հանցագործություններ, որոնց շեմին ենք գտնվում այժմ»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG