Մատչելիության հղումներ

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների քննարկման համար մի շարք փաստաթղթեր են պատրաստվում. Լավրով


Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել խաղաղության պայմանագրի ստորագրման համար

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների քննարկման համար մի շարք փաստաթղթեր են պատրաստվում՝ ի լրումն մինչ օրս ստորագրված հայտարարությունների, այսօր Մոսկվայում ընդունելով Ադրբեջանի արտգործնախարարին՝ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Փաստաթղթերի բովանդակության մասին Սերգեյ Լավրովը որևէ բան չասաց։

Փոխարենը որոշ ակնարկներ արեց Հայաստանի արտգործնախարարի հետ երկկողմ հանդիպման ժամանակ․ - «Կարևոր ենք համարում առաջ գնալ հայ-ադրեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման, դելիմիտացիայի ու հասարակական կառույցների միջև երկխոսության։ Պատրաստ ենք դրան ամեն կերպ աջակցել։ Ակնկալում ենք հատուկ շեշտադրում կատարել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ լուծումներ գտնելու վրա։ Մենք մի շարք գաղափարներ ունենք, որոնք, հուսով ենք, որ անօգուտ չեն լինի»։

Թե Հայաստանի, թե Ադրբեջանի արտգործնախարարների հետ երկկողմ հանդիպումներում Լավրովն ընդգծեց, որ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

«Երկրորդ հարցը, որ առանցքային նշանակություն ունի Ռուսաստանի համար, վերաբերում է Լեռնային Ղարաբաղին և այն ամենին, ինչ կապված է դրա հետ», - փոխանցեց Լավրովը Ադրբեջանի արտգործնախարարին։ Ավելին՝ ակնարկեց, թե Բաքվի հետ որոշակի փոխըմբռնում կա Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության հարցում։ Թե երբ և ինչպես է Ադրբեջանը փոխանցել այդ պատրաստակամությունը, Լավրովը չհստակեցրեց։

«Մենք շատ ենք գնահատում, որ մեր ադրբեջանցի բարեկամները հասկանում են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտությունը։ Սա առանցքային հարցերից մեկն է», - նշեց նա։

Լաչինի միջանցքին ու Ղարաբաղում ստեղծված իրադրությանը Լավրովն անդրադարձավ նաև Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, մի փոքր այլ շեշտադրությամբ։ Նախ ընդգծեց, որ Մոսկվան ուզում է աջակցել ի հայտ եկած սուր մարդասիրական խնդիրների լուծմանը, հետո հավելեց, որ «դրա համար կան ռուսական խաղաղապահ առաքելության բոլոր հնարավորությունները, բայց առանց կողմերի համագործակցության դա անելը հեշտ չէ»։

Լավրովն առաջարկեց քննարկել՝ ուր են հասել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները

Երկկողմ բանակցություններից հետո մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Լավրովը այստեղ էլ հստակ հայտարարեց՝ Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին, այս անգամ, սակայն, հատուկ շեշտելով, որ հակամարտող կողմերն են նման ցանկություն հայտնել. - «Ռուսաստանը խորապես շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ։ Եվ մենք, կողմերի համաձայնությամբ, ինչը, որքան հասկանում եմ, վերահաստատվել է, կշարունակենք մեր ջանքերը իրավիճակի կայունացման ուղղությամբ թե հայ-ադրբեջանական սահմանի, թե մարդասիրական խնդիրների լուծման, թե տնտեսական ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ»։

«Առաջարկում եմ քննարկել՝ ուր են հասել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները», - հորդորեց Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին։

Բայրամովը պնդեց՝ բանակցային գործընթացը ակտիվ է, արդյունքները՝ ոչ այդքան։

«Բայց, սխալ կլինի ասել, թե արդյունքներ ընդհանրապես չկան», - ասաց նա։

Լաչինի միջանցքի փակումն ու Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամը սրում են իրավիճակը. Միրզոյան

Արարատ Միրզոյանն ի պատասխան ընդգծեց՝ Հայաստանը կառուցողական է տրամադրված, սակայն Լաչինի միջանցքի փակումն ու Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամը սրում են իրավիճակը։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակումը և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, ցավոք սրտի, բարդացնում են բանակցությունները։ Այսօր Լեռնային Ղարաբաղում լուրջ մարդասիրական ճգնաժամ է, իրավիճակը մոտ է իրական մարդասիրական աղետի, իրավիճակը լրջանում է ժամ առ ժամ։ Եվ եթե մեզ չհաջողվի գտնել լուծումներ, և Ադրբեջանը չդադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, մարդասիրական աղետը տեղում իր բացասական հետևանքները կունենա բանակցային գործընթացի վրա», - շեշտեց նախարար Միրզոյանը։

Երեք արտգործնախարարների հանդիպումն այս պահին էլ շարունակվում է փակ դռների ետևում, բանակցություններից ալ մանրամասներ առայժմ չեն հաղորդվել։

XS
SM
MD
LG