Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը միջազգային դերակատարներին հորդորում է ձեռնարկել վճռական քայլեր՝ վերջ դնելու շրջափակմանը


Պաշտոնական Ստեփանակերտը խստորեն դատապարտում է «սեփական ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար Արցախում սով առաջացնելու Ադրբեջանի նպատակաուղղված և համակարգված փորձերը»:

«Կրկին շեշտում ենք, որ պաշարման մեջ գտնվող Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյատևման համար անհրաժեշտ մարդասիրական բեռների ներկրմանը դիտավորյալ խոչընդոտումը, ինչպես նաև խաղաղ բնակչությանը սով, տառապանքներ և զրկանքներ պատճառելուն ուղղված կանխամտածված գործողությունների իրականացումը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում և որակվում է որպես պատերազմական հանցագործություն:

Արդեն ութ ամիս շարունակվող անմարդկային շրջափակման և Արցախի ժողովրդին Բաքվի իրավազորությանը բռնի կերպով ենթարկելու փորձերի շրջանակներում Ադրբեջանի իրականացրած հանցավոր գործողությունների ամբողջությունը չափազանց վտանգավոր նախադրյալներ է ստեղծում, որ մարդկության դեմ ուղղված Ադրբեջանի շարունակական հանցագործությունները վերաճեն ցեղասպանության հանցագործության», - ասված է Արցախի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:


Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդում է՝ «անպատասխանատու ենք համարում Ադրբեջանի միջազգային հակաիրավական գործողություններն օրինականացնելու ցանկացած փորձ, այդ թվում` Լաչինի միջանցքի վերաբերյալ սեփական միջազգային պարտավորությունները չկատարելու և Արցախի շրջափակումը խստացնելու Բաքվի քաղաքականության մաս կազմող առաջարկություններին ուղղակի կամ անուղղակի կերպով հավանություն տալու միջոցով»:

«Արցախում միտումնավոր հումանիտար աղետ ստեղծած և համակարգված կերպով այն սաստկացնող Ադրբեջանի հանցավոր օրակարգին զանկացած աջակցություն ոչ միայն ավելացնում է անմեղ մարդկանց տառապանքները, այլև խախտում է միջազգային իրավունքով ամրագրված հիմնարար սկզբունքները, ներառյալ մարդու արժանապատվությունն ու իրավունքները: Քաղաքակիրթ միջազգային հանրությունը վաղուց մերժել է պետության ներքին գործերի անվան տակ մարդու իրավունքների զանգվածային խախտման ենթադրյալ իրավունքի վրա հիմնված արդարացումները` նման հանցագործությունների համար մեղավորներներին կանգնեցնելով ռազմական տրիբունալների առջև և ստեղծելով իրավական հիմքեր ապագայում նման հանցագործությունները կանխելու համար», - նշված է հայտարարությունում:

«Արցախի ժողովրդի արժանապատվությունը նսեմացնող Ադրբեջանի առաջարկներն ու գործողությունները պետք է հնարավորինս խիստ ձևով մերժվեն», - Հատնում է ԱԳՆ-ն- ընդգծելով՝ «Արցախի ժողովրդի արժանապատվության ոտնահարումը նշանակում է նրա հիմնարար իրավունքների մերժում և ճանապարհ է հարթում Ադրբեջանի կողմից էլ ավելի անմարդկային հանցագործությունների իրագործման համար»:

Պաշտոնական Ստեփանակերտը միջազգային դերակատարներին հորդորում է ձեռնարկել վճռական անհատական և հավաքական քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակմանն ու հանցավոր քաղաքականությանը՝ ևս մեկ անգամ պնդելով, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կատարի միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում միացյալ ազգերի ժողովուրդների կողմից իրեն վստահված դերը և վերջ դնի Արցախի հանցավոր, անմարդկային շրջափակմանը»:

«Ակնկալում ենք, որ որպես Արցախում հումանիտար աղետը դադարեցնելուն ուղղված առաջին քայլ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհապաղ կպահանջի ամբողջությամբ և անվերապահորեն իրականացնել Արդադարադության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ին ընդունված և 2023 թ. հուլիսի 6-ին վերահաստատված վճիռը, կապահովի մարդասիրական անարգել մուտքն Արցախ, ինչպես նաև կլիազորի մարդասիրական օդային միջանցքի բացումը», - հայտարարում է գերատեսչությունը:

Բացարձակապես անթույլատրելի համարելով Արցախում ծավալվող հումանիտար աղետին անմասն ու անտարբեր հետևելը ՝ Ստեփանակերտն ընդգծում է, որ «միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ անարդյունք քննարկումների ժամանակը վաղուց անցել է, և հիմա ժամանակն է իրականացնել կոնկրետ և անհետաձգելի գործողություններ, որոնք բխում են գոյաբանական սպառնալիքի տակ ապրող մարդկանց շահերից»:

XS
SM
MD
LG