Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարում է նստացույցը դադարեցնելու մասին։
Ֆեյսբուքում Հարությունյանը, մասնավորապես, նշել է, որ նստացույցը, համաժողովրդական շարժումը և մնացած բոլոր ջանքերն արդեն որոշակի արդյունք են ապահովել միջազգային ուշադրություն հրավիրելու և գործնական քայլերի մղելու հարցում՝ ինքն այժմ կդադարեցնի նստացույցն ու կշարունակի ջանքերն աշխատանքային արտակարգ ռեժիմով։
«Միևնույն ժամանակ, համաժողովրդական շարժման շրջանակներում շարունակվում են նստացույցներն ու այլ ակցիաները մեր այլ հայրենակիցների կողմից, իսկ ես պարբերաբար հանդիպումներ եմ ունենալու նրանց հետ և համատեղ քննարկելու ենք մեր անելիքները», - գրել է Արցախի նախագահը:
Ընդգծելով, որ այս ընթացքում հրապարակային ու փակ ձևաչափով գործադրված ջանքերի ու իրականացված միջոցառումների արդյունքում Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացել է, ինչը դրսևորվել է նաև մի շարք միջազգային հայտարարություններով ու գործողություններով՝ Հարությունյանը նշել է՝ դրա առաջին արձագանքը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն է Արցախի ժողովրդին աղետից փրկելու նպատակով այսօր Արցախ մեծաքանակ հումանիտար աջակցություն ուղարկելու մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը 400 տոննա հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ«Կա՛մ Ադրբեջանը կբացի Լաչինի (Քաշաթաղի) միջանցքը այդ հումանիտար աջակցության առջև, կա՛մ աղետի գոտի հումանիտար բեռների մուտքի հերթական արգելքով, ի լուր աշխարհի, լրացուցիչ կերպով կվերահաստատի իր քաղաքականության ցեղասպանական էությունը», - գրել է Հարությունյանն ու կոչ արել այլ պետություններին ու միջազգային կազմակերպություններին (առաջնահերթորեն՝ ՄԱԿ-ի համապատասխան գործակալություններին) հետևել Հայաստանի օրինակին և Արցախի ժողովրդին մատակարարել հրատապ հումանիտար աջակցություն՝ իրենց ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:
Հարությունյանը հուլիսի 17-ից էր Վերծննդի հրապարակում նստացույց սկսել՝ հայտարարելով՝ «սա լրացուցիչ ճիգ է հորդորելու միջազգային հանրությանը պարտադրել կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ մղելու հայ ժողովրդին և մեր բոլոր բարեկամներին ակտիվ ու անհապաղ գործողությունների»։
2022-ի դեկտեմբերի 12-ից, բնապահպանական պատրվակով, Ադրբեջանը փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Այս տարվա ապրիլի 23-ից էլ Ադրբեջանը փակեց Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Արդեն ուղիղ 7 ամիս շրջափակված Արցախն այս պահին ընդհանրապես կտրված է Հայաստանից, հումանիտար բեռներ Արցախ չեն մտնում։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այժմ կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ վերջին շաբաթներին արգելվել է բոլոր ապրանքների մատակարարումը։ Ապաշրջափակման պահանջով Արցախում հանրահավաքներ են մեկնարկել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մահեր, զանգվածային ցույցեր՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը զուգընթաց