Անկարան չի կարող որոշել, թե երբ պետք է ռուս խաղաղապահները դուրս գան Լեռնային Ղարաբաղից, այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի հայտարարությունը։ Ռեջեփ Էրդողանը վերջերս ասել էր, թե ռուսական զորակազմը Արցախը պետք է լքի 2025-ին։
«Անկարան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ: Հենց այս փաստաթղթի հիման վրա է ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, և այս փաստաթղթում են հստակ նշված տարածաշրջանում նրանց մնալու և երկարաձգման ժամկետները», - ասել է Մարիա Զախարովան։
Նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն՝ խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է 5 տարի ժամկետով ու հերթական հնգամյա ժամկետով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը վերջնաժամկետից կես տարի առաջ չհայտարարի այդ դրույթը դադարեցնելու մտադրության մասին:
Պաշտոնական Բաքուն պատերազմից հետո մշտապես շեշտում է, որ ռուս խաղաղապահները ժամանակավորապես են տեղակայված Լեռնային Ղարաբաղում, բայց նրանց դուրս գալու ցանկության մասին դեռ ուղիղ չի հայտարարել։ Խաղաղապահների առաջին ժամկետի ավարտին մնացել է երկու տարի։ Հրադադարի պարբերական խախտումների, Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Հայաստանից, նաև Արցախից ռուս խաղաղապահների անգործության մասին հնչող դժգոհություններին ֆոնին՝ Մարիա Զախարովան այսօր պնդել է, թե զորակազմը, որի հիմնական գործառույթը հրադադարի պահպանումն է, շարունակում է կարևոր կայունացնող դեր խաղալ Լեռնային Ղարաբաղում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտում ակնկալիքները, որ եղել են ռուս խաղաղապահների մասով, չեն արդարանում․ ՀՀ ԱԽ քարտուղար ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կոմերսանտ»․ «Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում պայթյունավտանգ իրավիճակ է»«Հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող լարված իրավիճակը՝ ռուս խաղաղապահների գործունեությունն այժմ էլ ավելի պահանջված է: Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և ինձ թվում է՝ տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի շահերից», - ասել է նա:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի պատասխանել հայ լրագրողի հարցին, թե արդյո՞ք Մոսկվան կարող է կոչերից բացի, այլ միջոցներ ձեռնարկել և ստիպել Բաքվին բացել Լաչինի միջանցքը։ Փոխարենը Զախարովան կրկին ընդգծել է, թե ՀԱՊԿ առաքելությունը սահմանին, Հայաստանի տարածքում կարող է օգտակար լինել։
«Ամեն դեպքում գնդակը հայերի դաշտում է», - կրկնել է Զախարովան, նշելով, որ այդ որոշումը պետք է Երևանը կայացնի։
Հայաստանի իշխանությունները անցած սեպտեմբերին ադրբեջանական հարձակումից հետո նախ և առաջ Բաքվի ներխուժման առնչությամբ քաղաքական գնահատական էին պահանջել Մոսկվայի առաջնորդած ռազմական դաշինքից և դա չստանալով առկախել ՀԱՊԿ առաքելության տեղակայման հարցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արարատ Միրզոյանը շեշտել է ՀԱՊԿ հասցեական արձագանքի հրամայականը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի դժգոհությունները ՀԱՊԿ-ից հիմնավոր են, դրանց պետք է արձագանքել. ԼուկաշենկոԻ դեպ, հայ լրագրողն այսօր Զախարովային հարցրեց, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում այն փաստին, որ Ադրբեջանը պարբերաբար օգնում է Ուկրաինային։ Ռուս դիվանագետն արձագանքեց, թե բոլոր, այդ թվում՝ վիճահարույց հարցերը ուղիղ քննարկում են Բաքվի հետ, և իրենց դրա համար միջնորդներ պետք չեն։
Հայ-ադրբեջանական կարգավորումից խոսելիս Զախարովան, իր խոսքով, լավ լուր հայտնեց՝ ասելով, թե լավ հնարավորություն կա Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու համար։ Կոնկրետ ժամկետ, սակայն, չնշեց։ Վերջին անգամ Միրզոյանն ու Բայրամովը Մոսկվայում հանդիպել են երկու ամիս առաջ։