Մատչելիության հղումներ

Էրդողան․ «2025 թվականին ռուս խաղաղապահները կլքեն Ղարաբաղը»


Թուրքիայի նախագահի համոզմամբ՝ ռուսաստանցի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից կհեռանան իրենց հնգամյա մանդատի ավարտից հետո՝ 2025 թվականին։ Ռեջեփ Թայիփ էրդողանն այս մասին հայտարարեց երեկ երեկոյան Վիլնյուսում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ավարտին կայացած ասուլիսի ժամանակ։

«Կնքված պայմանագրի համաձայն՝ ռուսաստանցի խաղաղապահները Ղարաբաղում նախանշված վայրերում պետք է մնան մինչև 2025 թվականը։ 2025 թվականին արդեն Ռուսաստանը կհեռանա այդ վայրերից։ Ես հավատում եմ, որ Մոսկվան կկատարի կնքված համաձայնագրի դրույթները։ Իմ եղբայր Իլհամ Ալիևը ևս ուշի-ուշով հետևում է տարածաշրջանում տիրող իրավիճակին», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը։

Դատելով մամուլում հայտնված հրապարակումներից, ի դեպ, սա միակ դեպքը չէր, որ հարավկովկասյան զարգացումները ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասնակիցների քննարկման թեմա էին դառնում։

Հայտնի թուրք լրագրող Ռագիպ Սոյլուն մերձավորարևելյան խնդիրները լուսաբանող Мiddle East Eye կայքում հրապարակած հոդվածում պնդում է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում Անկարայի աջակցությունը ստանալու նպատակով թուրքական կողմին, դեռ մինչև Վիլնյուսի գագաթաժողովի մեկնարկն արված զիջումներից առնվազն մեկը ևս անուղղակիորեն վերաբերել է մեր տարածաշրջանին։

«[Շվեդիայի անդամակցության խնդրում] Էրդողանից զիջումներ կորզելու հարցում դեր խաղացած գործոններից մեկը Կանադայի համաձայնությունն էր՝ վերացնել Անկարային դեմ սահմանված սպառազինության վաճառքի էմբարգոն», - գրում է Սոյլուն:

«Կանադան ռազմական նշանակության ապրանքների արտահանումը Թուրքիա արգելեց այն բանից հետո, երբ 2020 թվականի հոկտեմբերին տեսագրություններ սկսեցին շրջանառվել, որոնք վկայում էին, որ Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում, հայկական ուժերի դեմ հարձակումների ընթացքում, կանադական Wescam ընկերության արտադրության օպտիկական սարքերով հագեցած անօդաչուներ է կիրառում», - նշում է թուրք լրագրողը՝ հատուկ ընդգծելով, - «նախկինում Թուրքիան մեծապես կախված էր Կանադայի կողմից արտադրվող և անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված ժամանակակից օպտիկական սարքերից»:

XS
SM
MD
LG