Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում ակնկալիքները, որ եղել են ռուս խաղաղապահների մասով, չեն արդարանում․ ՀՀ ԱԽ քարտուղար


Ստեփանակերտում ակնկալիքները, որ եղել են ռուս խաղաղապահների մասով, չեն արդարանում, «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով՝ Լաչինի միջանցքի փակ լինելը շատ լուրջ հիմնախնդիր է:

Ընդգծելով, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի որևէ ներկայություն չէր նախատեսվում Լաչինի միջանցքում՝ Գրիգորյանը շեշտել է՝ խաղաղապահների խնդիրն էր, որպեսզի Լաչինի միջանքով տեղի ունենա ազատ տեղաշարժ:

«Այսօր այդ տեղաշարժը չկա, և մեր ակնկալիքն այն է, որ խաղաղապահներն իրականացնեն իրենց առաքելությունն ամբողջությամբ, և Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ չկանգնեն հումանիտար այսպիսի ճգնաժամի առաջ, որովհետև շարունակական ճգնաժամը խորանում է», - ասել է ԱԽ քարտուղարը՝ նշելով՝ վերջին շրջանում միջանցքն ամբողջովին է փակ, նույնիսկ ապրաքնների տեղաշարժ չկա, և սա բարդացնում է կյանքը հենց Լեռնային Ղարաբաղում։

Ակնկալիքը ռուս խաղաղապահներից, ըստ Գրիգորյանի, այն է, որ այսպիսի ճգնաժամեր չլինեն:

«Հիմնական ակնկալիքն այն է, որ խաղաղապահները կարող լինեն իրենց մանդատի շրջանակում իրականացնեն այն գործառույթները, ասինքն՝ ապահովեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը», - ասել է ԱԽ քարտուղարը:

Ադրբեջանը երեկվանից դարձյալ ամբողջապես փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, նաև Ստեփանակերտից Երևան ծանր հիվանդներ տեղափոխող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժն է արգելվում Հակարիի կամրջով։ Բաքվից պատճառաբանում են՝ «Լաչին» անցակետում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով հուլիսի 1-ին, 3-ին, 5-ին փորձեր են արվել մաքսանենգ ճանապարհով տարբեր տեսակի ապրանքներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։

Արցախից ահազանգում են՝ յոթ ամիս է շրջափակման մեջ են, թեև ռուսների միջոցով շատ քիչ փոխադրումներ իրականացնելու հնարավորություններ ունեին, սակայն մինչև հունիսի 15-ը որևէ ապրանքի ուղղությամբ պաշարներ չեն ունեցել և օբյեկտիվորեն չէին կարող դրանք կուտակել, գրեթե մեկ ամիս է որևէ տեսակի սննդամթերք, վառելիք, առաջին անհրաժեշտության և այլ ապրանքներ Արցախ մուտք չեն գործում։

«Ծանրագույն իրավիճակ է, և եթե նման ձևով շարունակվի, ապա օրերի ընթացքում մենք իրապես աղետալի պատկերի առաջ ենք կանգնելու», - «Ազատությանն» ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG