Մատչելիության հղումներ

Ռուսական կողմի մեկնաբանության մեջ կա բացահայտ հակասություն. Երևանի արձագանքը


Հունիսի 15-ի միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Լաչինի միջանցքում, ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Հակարի կամրջի հայկական կողմում, հայտարարել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Ռուսական կողմի մեկնաբանության մեջ կա բացահայտ հակասություն: Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման բացակայության պատճառով հնարավոր չէ հստակ ասել, թե որտեղով է անցնում սահմանագիծը, և դա է շարունակական խնդիրների պատճառը, ինչպես պնդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ հիմքով և սկզբունքով էր հունիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կոնկրետ այդ հատվածում՝ կամրջի այս կողմում տեղադրվում ադրբեջանական դրոշ», - նշել է արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան, անդրադառնալով Հակարիի կամրջի միջադեպին և դրա առնչությամբ Հայաստանի կողմից ռուսաստանցի խաղաղապահներին հասցեագրված քննադատությանն ու դեսպան Սերգեյ Կոպիրկինին ԱԳՆ հրավիրելու հանգամանքին, ասել էր, թե միջադեպը հայ-ադրբեջանական սահմանը չսահմանազատելու հետևանք է, «բացարձակ անհիմն է» որակել ռուս խաղաղապահներին հասցեագրված մեղադրանքը

Պաշտոնական Երևանից ընդգծում են, որ այս նույն թեզը պարբերաբար բառացիորեն կրկնում է ադրբեջանական կողմը` Հայաստանի սահմանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ իրականացնելիս և ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելիս:

«Պարզ չէ, թե ինչու էին Ադրբեջանի այդ գործողությանը մասնակցում ՌԴ խաղաղապահները, երբ գործողության թե՛ նպատակը, թե՛ անգամ վայրն ակնհայտորեն դուրս էին խաղաղապահների գործառույթների շրջանակից և պատասխանատվության գոտուց։ Հիշեցնում ենք, որ այդ հատվածում ռուս խաղաղապահների միակ վերաբերելի գործառույթը Լաչինի 5կմ լայնությամբ միջանցքը վերահսկողության տակ պահելն էր», - հավելել է Անի Բադալյանը։

Հունիսի 15-ի միջադեպից հետո ադրբեջանական կողմն ամբողջապես արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղ չեն տեղափոխվում նաև մարդասիրական նպատակով անհրաժեշտ պարագաներ, ներառյալ՝ սնունդ և դեղորայք, այդ թվում՝ ԿԽՄԿ կողմից, ԼՂ-ից ՀՀ բժշկական հաստատություններ չեն տեղափոխվում համապատասխան բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդները, շարունակում է խափանված մնալ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Երևանը կոչ է անում 2020թ. նոյեմբերի 9-ի և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված մյուս եռակողմ հայտարարությունները ստորագրած կողմերին արդարացումներ փնտրելու փոխարեն անշեղորեն իրականացնել ստանձնած հանձնառությունները:

XS
SM
MD
LG