Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելու պահանջով Երևանում մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև։ Նախաձեռնող խումբը տեղում ձեթ, մակարոնեղեն, ձավարեղեն, մանկական սնունդ ու այլ անհրաժեշտ ապրանքներ է հավաքում, որ արդեն մեկ ամսից ավելի պաշարված Արցախում դժվարությամբ են ճարվում կամ արդեն ընդհանրապես չկան։
Ակցիայի նախաձեռնողները հույս ունեն՝ այս ընթացքում միջազգային հեղինակավոր կառույցը առնվազն մարդասիրական փոխադրումներ կիրականացնի Արցախ։
«Այսօրվանից սկսում ենք հավաքել պարեն, որի ամբողջ ցանկն արդեն հրապարակված է։ Այստեղ ենք լինելու, հավաքելու ենք և փորձելու ենք ՄԱԿ-ին ցույց տալ, որ մենք հիմա հավաքում ենք, ձեզնից ակնկալվում է ընդամենը իրականացնել այն, ինչ նախատեսված է ձեր իսկ կոնվենցիաներով», - ասաց «Բացում» նախաձեռնության համակարգող Անուշ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Արցախի շրջափակմումը վերացնելու համար կազմակերպվող տարբեր ակցիաներին հիմա ավելի շատ քաղաքացիներ են մասնակցում։ Ըստ նրա՝ մարդիկ գիտակցում են՝ վիճակը ծայրահեղ ծանր է, հազարավոր արցախցիներին արդեն սովն է սպառնում. եղած պաշարներն արագորեն սպառվում են, ինչի մասին նաև տեղից են ահազանգում։
«Շատ-շատերի մոտ փոխվել է ընկալումը, արդեն հասկանում են, որ մեկ-երկու օր դիմանան... բլոկադան տոտալ է արդեն, և հստակ է, որ երկար ձգել չի լինի», - նշեց նա։
Հայաստանում մնացած արցախցիներն էլ են ակցիաներին մասնակցում։ Ստեփանակերտի բնակիչ Սմբատ Հարությունյանն ապրիլին է Հայաստան եկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ, մորն այստեղ վիրահատել են, դեռևս մեկ վիրահատություն է անհրաժեշտ։ Վերադառնալ չէին կարող, ստիպված մնացել են։
«Գտնվելով այստեղ՝ որոշեցի օգնել։ Քանի դեռ ճանապարհն ամբողջովին փակ չէր, ես այստեղից էլի ռուսների միջոցով օգնում էի, բան էի ուղարկում ներքին կարգով», - նկատեց նա։
Արցախում մարդկանց ոչ այնքան սննդի հարցն է հուզում, որքան ապագան, ասում է քաղաքացիներից մեկը, որի հարազատները 7-ամսյա բլոկադայի մեջ են։ Հույսը չի կորցնում, որ միջազգային հանրությունը հերթական հորդորների, կոչերի փոխարեն հստակ քայլեր կձեռնարկի՝ հազարավոր մարդկանց կյանքը փրկելու համար. - «Պատկերացրեք՝ երբ խոսում ենք ուտելիքի մասին, ասում են՝ ոչինչ, ամեն ինչը կարող ենք գտնել, հայթայթել, սնունդն այդքան էլ էական չէ, ամեն ինչին դիմակայում են, միայն թե չտարհանեն նրանց, միայն թե հայրենիք չկորցնեն։ Սա է իրենց համար միակ խնդիրը»։
Քաղաքացիներն այսօր նաև Ազատության հրապարակում են հավաքվում։ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում էլ անցած շաբաթավերջից շարունակվում է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջով ակցիան։ Նստացույցին նաև Արցախի նախագահն ու Ազգային ժողովի նախագահն էին միացել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի խորհրդարանի խոսնակը միացել է ԼՂ նախագահի նստացույցին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի նախագահը նստացույց է սկսում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակումԱրթուր Թովմասյանն այսօր ուղերձով դիմել է միջազգային հանրությանն ու միջկառավարական ինստիտուտներին։ Պաշտոնյան Արցախում Ադրբեջանի ստեղծած իրավիճակը համակենտրոնացման ճամբարի հետ է համեմատել՝ Բաքվի իշխանություններին մեղադրելով հանցագործությունների համար։
«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ միջազգային հանրությունը դատապարտեց և միջազգային իրավունքում ամրագրեց դրույթներ, որոնք ապագայում բացառում էին ֆաշիստական Գերմանիայի ոճրագործությունների կրկնությունը, դժվար էր պատկերացնել, որ 21-րդ դարում մեր ժողովուրդը կկանգնի բնաջնջման նոր մեթոդներով՝ ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև, և այդ ամենը նույնիսկ չի արժանանա միջազգային հանրության միջամտությանը՝ մարդկային մեծ ողբերգությունը կանխելու նպատակով», - նշել է նա:
Արթուր Թովմասյանը կոչ է անում միջազգային միջկառավարական ինստիտուտներին քրեական տրիբունալ հիմնել Ադրբեջանի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու համար։