Ճի՞շտ, թե՞ սխալ էր լիակատար շրջափակման պայմաններում նստացույց սկսելու՝ Արայիկ Հարությունյանի քայլը. արցախյան ու հայաստանյան ընդդիմությունից քննադատում են, Ստեփանակերտից իշխանականները կոչ են անում՝ եթե չեն կարողանում օգնել, գոնե թող լռեն։
Լաչինի միջանցքը բացելու պահանջով՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցած շաբաթավերջից մեկնարկած ակցիային նստացույցով միանալու որոշման մասին Արայիկ Հարությունյանը երեկ երեկոյան հայտարարեց։ Նպատակը, ըստ նրա, միջազգային դերակատարների ուշադրություն հրավիրելն է սպասվող հումանիտար ու անվտանգային աղետին, որ գործեն։ Իր քայլը որակելով ծայրահեղ միջոց, Արցախի նախագահն ասաց՝ այս իրավիճակում ավելի արդյունավետ այլ տարբերակ չի գտել։
«Այս նստացույցով մենք ակնկալում ենք, որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Եվրամիությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և այլ լիազոր մարմիններ, ինչպես նաև բոլոր մնացած առնչվող դերակատարները զերծ կմնան առաջին հերթին Ադրբեջանի հետագա ագրեսիվ ու հանցավոր գործողությունները խրախուսելուց ու անտեսելուց, իսկ այնուհետև կկատարեն իրենց պարտավորությունները եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի հրամանների և միջազգային այլ ակտերի ու պայմանավորվածությունների պատշաճ կատարման ուղղությամբ», - հայտարարել է նա։
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ արցախցիները բախվում են ոչ միայն սննդի, դեղորայքի և էներգիայի խիստ պակասին, այլև կանգնած են Ադրբեջանի կողմից «ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի առջև», ուստի ինքնորոշման իրենց իրավունքը սակարկման ենթակա չէ։
Յոթ ամիս շարունակվող շրջափակումն էլ ավելի սաստկացավ մոտ մեկ ամիս առաջ, երբ Ադրբեջանն արգելեց Կարմիր խաչին ու ռուս խաղաղապահներին որևէ հումանիտար օգնություն տրամադրել արցախցիներին։ Սննդի, դեղերի, վառելիքի ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակաս կա։ Փաշինյան-Ալիև վերջին բանակցությունների օրակարգում Լաչինի արգելափակման հարց եղել է, բայց իրավիճակը չփոխվեց։
«Եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ, թե շատ կայուն ու բնականոն հուն, ապա դրանից հետո մենք դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների», - հայտարարեց Արցախի նախագահը:
Թե այդ ի՞նչ կոշտ գործողությունների մասին էր խոսում Հարությունյանը, ո՛չ ինքը, ո՛չ Արցախի իշխանության այլ ներկայացուցիչներ չբացահայտեցին։
Իշխանական պատգամավոր Արթուր Հարությունյանը ասաց՝ իրենք քայլերի հերթականություն ունեն, որ աշխարհը սթափվի։ Ադրբեջանի տարածքով՝ Աղդամով հումանիտար մատակարարումներ անելու Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի վերջին առաջարկից հետո Ստեփանակերտում եզրահանգել են՝ միջազգային հանրությունը չի տիրապետում իրավիճակին։
«Չի կարող այսպես շարունակվել և Արցախի ժողովուրդը պաշարման մեջ չի կարող երկար տևել», - նշեց Արթուր Հարությունյանը:
Նստացույց սկսած Արայիկ Հարությունյանի քայլը Հայաստանում ու Արցախում միանշանակ չընդունվեց։ Քննադատվեց, նաև՝ շատ խիստ։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը շտապեց Ֆեյսբուքում կոչ անել՝ կա՛մ օգնել իրենց իրավունքների համար պայքարող մարդկանց, կա՛մ հեռու մնալ նրանցից:
«Թշնամու կողմից սովի ու էթնիկ զտման ճիրաններում հայտնված ժողովրդին դասեր տալու շարժառիթը ո՞րն է, ի՞նչ եք ուզում դրանով ասել, ինչի՞ եք ուզում հասնել», - նշել է Մարուքյանը:
Նախկին իշխանական ՀՀԿ-ից, այժմ ընդդիմադիր Տիգրան Աբրահամյանը կասկածում է Արայիկ Հարությունյանի նախաձեռնության արդյունավետությանը։
«Արցախում ստեղծված իրավիճակը ներկայացնելու այլ խողովակներ կան, և ես կարծում եմ, որ Արցախի նախագահի գլխավոր խնդիրը պետք է դառնա այդ պահին ճգնաժամային կառավարում իրականացնելը՝ սկսած տարբեր բնույթի ակցիաներից, տարբեր երկրներում հայկական սփյուռքի միջոցով իրականացվող համակարգված գործողություններից, վերջացրած Արտաքին գործերի նախարարության միջոցով տարբեր կառույցներին Արցախի իրավիճակի հետ կապված փաստական տեղեկությունների ներկայացմամբ, ցանկը շարունակելի է», - ասաց Աբրահամյանը:
Արցախի իշխող՝ «Ազատ հայրենիք ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը հակադարձում է. - «Հանցագործությունը, որը այսօր անում է Ադրբեջանն Արցախի Հանրապետության դեմ, այս ձևով ենք փորձել աշխարհին ցույց տալ, որպեսզի բոլորն էլ հասկանան, որ իրականում ծայրահեղ ծանր վիճակ է: Այդտեղից փորձագետների և այլ մարդկանց կողմից քննադատություններ և այլն... եթե չեն կարող որևէ բանով օգնել, ավելի լավ է լռեն»:
Չնայած Արթուր Հարությունյանը պնդում էր՝ մարդիկ Արցախում կիսում են իշխանության տեսակետը, թե ձեռնարկվող քայլերը միջազգային դերակատարներին անտարբեր չեն թողնի, ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հիասթափված էր։ Նախագահից իրավիճակից դուրս գալու ծրագիր էր սպասում՝ թե՛ նրա, թե՛ ժողովրդի անելիքի։
«Աշխատասենյակից դուրս գալով, նստելով վրանում, կարծես թե հենց ինքն է հայտարարում պետության, պետականության չլինելու մասին, ինչը վտանգավոր է, որովհետև նման գործողություններ կարող է անել քաղաքացիական հասարակությունը, կարող է նման քայլերի գնալ, բայց ոչ երկրի նախագահը կամ Ազգային ժողովի նախագահը», - ասաց Հակոբյանը:
Շուշիից տեղահանված, այժմ Երևանում ապրող Լեոնիդ Հարությունյանի համար էլ Արցախի նախագահի երեկվա քայլը հասկանալի չէր. - «Ինքը իր տեղում նստած էր, վրանում նստում է՝ ի՞նչ անի»
Արայիկ Հարությունյանի վրանն անմիջապես նախագահական նստավայրի դիմաց է, ինչպես փոխանցում են Արցախից՝ նա հենց վրանում է իրականացնելու իր աշխատանքային պարտականությունները։ Տարածված տեսանյութում երևում է նրա աշխատասեղանը, հետևում՝ Արցախի դրոշը, խորհրդակցությունների համար ևս մեկ սեղան կա։