Մատչելիության հղումներ

Երևանում շարունակվում են բողոքի ակցիաները դեսպանատների ու միջազգային կազմակերպությունների գրասենյակների մոտ


Լաչինի միջանցքը բացելու պահանջով երկրորդ օրն անընդմեջ մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են։ Օրերս Ստեփանակերտում սկսված շարժմանը Երևանում էլ են միանում։

«Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հայտարարությունն է բոլորին՝ Արցախը սակարկման առարկա չէ, Արցախը սակարկման առարկա չէ», - վանկարկում էին ակցիայի մասնակիցները։

Դրությունն օրհասական է, 120 հազար արցախցիներ սովի մատնվելու իրական վտանգի առաջ են հայտնվել, ահազանգում են այս օրերին միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների առջև ցույցեր անցկացնող քաղաքացիները։

«Այնտեղ ապրում են մարդիկ։ Այսինքն՝ Ֆրանսիան պետք է կարողանա ապացուցել, որ ոչ թե հորդորներով, այլ գործողություններով կբացի այդ ճանապարհը, կտանի Արցախ սնունդ, բոլոր դեղերը և անհրաժեշտ իրերը։ Հերիք է դուք լինեք ուղղակի կողքից նայողը», - նշում էր բողոքի ակցիայի բանախոսներից մեկը։

Երևանի փողոցներ դուրս եկած ցուցարարարները, որոնց շարքում և' արցախցիներ կային, և' հայաստանցիներ, միջազգային հանրությունունից կոնկրետ գործողություններ են պահանաջում լիակատար պաշարման մեջ հայտնված արցախցիներին հումանիտար աղետից փրկելու համար։

Լաչինի միջանցքը փակվեց անցած տարեվերջին, մեկ ամիս առաջ էլ դրությունն ավելի բարդացավ, երբ Հակարիի կամրջին ադրբեջանական դրոշի տեղադրման միջադեպից հետո Բաքուն ընդհանրապես արգելեց բոլոր տեսակի հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Ցուցարարները շեշտում են՝ մինչ աշխարհը միայն կոչեր ու հորդորներ է անում, Արցախի բնակչությունը ցեղասպանության ենթարկվելու վտանգի տակ է հայտնվել. - «Բացե'ք Լաչինի միջանցքը, բացե'ք կյանքի ճանապարհը»։

Բողոքի ակցիաներն այսօր Ֆրանսիայի դեսպանատան առջև սկսեցին։ «Մարդասեր Ֆրանսիա, գիտե՞ք ամիսներ տևող շրջափակումը մարդկանց ինչ վիճակի է հասցրել։ Գիտե՞ք որ այդտեղ սոված երեխաներ կան արդեն, գիտեք որ դուք ազատասեր եք, իսկ ազատությունից զրկված Արցախը և մենք Հայաստանում սովորող ուսանողներս չենք կարողանում հասնել մեր ծնողներին», - ասաց երևանյան բուհերից մեկի արցախցի ուսանողը։

Ցուցարարները նամակ փոխանցեցին դեսպանատան աշխատակցին, հետո մի մասը ոտքով, մյուսներն ավտոմեքենաներով ուղևորվեցին ԱՄՆ դեսպանատատուն՝ նույն պահանջները նաև այնտեղ ներկայացնելու։ Երեկ նման ակցիաներ անցկացվել էին ՄԱԿ-ի և Միջազգային Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակների, Ռուսաստանանի դեսպանատան առջև։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG