Իսրայելն ու Ադրբեջանը պայմանավորվել են միասին աշխատել «Իրանից բխող սպառնալիքները զսպելու հարցում»

Իրանի վաղեմի հակառակորդ Իսրայելն ու Թեհրանի հետ լարված հարաբերություններ ունեցող Ադրբեջանը պայմանավորվել են միասին աշխատել Իրանից բխող սպառնալիքները զսպելու հարցում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի ռազմական գերատեսչությունը պաշտպանության նախարար Յոավ Գալանտի Բաքու կատարած այցի արդյունքներով։

Նախարար Գալանտը երկօրյա պաշտոնական այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի իշխանությունների՝ նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, պետական սահմանային ծառայության պետ Էլչին Գուլիևի հետ։ Սա վերջին երեք ամսվա ընթացքում երրորդ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Ադրբեջան․ ապրիլին Բաքու էր այցելել Իսրայելի արտգործնախարարը, մայիսին էլ՝ նախագահը, որոնք չէին թաքցնում՝ իրենց այցի գլխավոր նպատակը Բաքվի հետ հակաիրանական դաշինքի ամրապնդումն է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն ու Ադրբեջանը քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցը

«Արդյունավետ» գնահատելով ադրբեջանցի գործընկերների հետ բանակցությունները՝ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ Բաքուն և Թել Ավիվը ցանկանում են ընդլայնել ռազմական համագործակցությունը երկու երկրների պաշտպանական կառույցների և ուժերի միջև։ Մինչ այդ Թել Ավիվն ու Բաքուն ռազմական ոլորտում հաջողությամբ համագործակցում են արդեն մի քանի տասնամյակ։

Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի տվյալներով՝ միայն 2016-2020 թվականներին ադրբեջանական զինանոցի մատակարարումների 69 տոկոսը հենց Իսրայելից է ստացվել։ Անցած տարիներին պարզվել էր, որ Բաքվին դրոններ վաճառած իսրայելական ընկերության ներկայացուցիչները իրենց արտադրած հարվածային անօդաչու սարքերն անձամբ են փորձարկել մարտական պայմաններում հայկական դիրքերի ուղղությամբ։

«Մենք բազմաթիվ ընդհանուր մարտահրավերներ ունենք, մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարը, որը ոչ միայն սպառնում է ազգային անվտանգությանը, այլև նպատակ ունի ապակայունացնել տարածաշրջանը», - ասել է ռազմական գերատեսչության ղեկավարը։

Իսրայելցի պաշտոնյայի համոզմամբ՝ պաշտպանական ոլորտում Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունները անվտանգության ներդրում են ոչ միայն երկու ժողովուրդների, այլ նաև տարածաշրջանի խաղաղության և կայունության համար։ Ադրբեջանական կողմը ևս նույն շեշտադրումն է անում։ Պաշտոնական Բաքվուն լուսանկար է հրապարակել, որը լայնորեն տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դրանում երևում է, թե ինչպես է Զաքիր Հասանովը քարտեզի վրա ցույց տալիս Արցախն ու ինչ-որ բան բացատրում իսրայելցի պաշտոնյային: Կադրում պատկերված քարտեզում երևում են նաև Հայաստանի Հանրապետության տարածքները, Սևանա լիճը ներառյալ։

Ադրբեջանը, որն Իրանին ծանր հանցանքներում է մեղադրել, այդ թվում՝ իր դեմ ահաբեկչության փորձ ձեռնարկելու, երկիրը ապակայունացնելու, Հայաստանին բացահայտ աջակցելու համար, Թեհրանի հետ ունեցած լարվածությանը զուգահեռ Իսրայելի հետ կապերն է ամրապնդել՝ վերջին ամիսներին նախաձեռնելով պատմական քայլ։ Ադրբեջանն իր դեսպանատունն է բացել Թել Ավիվում՝ դառնալով միակ երկիրն աշխարհում, որն, ունենալով շիա մեծամասնություն, իր դիվանագիտական առաքելությունն ունի Իրանի երկարամյա հակառակորդ Իսրայելում։ Իրանի խորհրդարանը խստորեն դատապարտել է Բաքվի այդ որոշումը զգուշացնելով, որ այդ քայլը «Ադրբեջանի համար բազմաթիվ բացասական հետևանքներ կունենա»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն ու Ադրբեջանը «ընդհանուր դժվարությունների դեմ միասնական և հզոր ճակատ» են փնտրում. Էլի Քոհեն
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանա-ադրբեջանական կոշտ արձագանքները շարունակվում են

Ադրբեջանում այժմ էլ պնդում են, թե նախարար Գալանտի Բաքու այցելելուց ընդամենը մի քանի օր առաջ փորձ է արվել հարձակում իրականացնել Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան վրա։ Երեկ Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը հաստատել է այդ պնդումները՝ հայտարարելով, որ ահաբեկչության փորձի հետևում կանգնած է Իրանը։

Թեհրանը, որը վերջին շաբաթներին հայտարարել է Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, այդ մեղադրանքներին դեռ չի արձագանքել։