Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին այսօր արձագանքել է իր ադրբեջանցի գործընկերոջ կողմից իսլամական հանրապետությանն ուղղված նոր մեղադրանքներին:
Քանանին Twitter-ում արված գրառմամբ խորհուրդ է տվել «Ադրբեջանում մահմեդական եղբայրներին» տեղեկանալ սիոնիստ թշնամու իրական մտադրությունների մասին։ Նա հիշեցրել է, որ խնդրել էին Ադրբեջանի կառավարությանը բացատրել Իսրայելի արտգործնախարարի խոսքերն Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու պայմանավորվածության մասին։
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հրաժարվել է պատասխանել և նոր մեղադրանքներ է ներկայացրել Իրանի հասցեին։ Բաքվի լռությունը արդյոք չի՞ նշանակում, որ երկիրը հաստատում, անուղղակի հավանություն է տալիս իր ռազմավարական գործընկերոջ խոսքերին»,- հարց է ուղղել Իրանի ԱԳՆ խոսնակը:
Իրանական դիվանագիտական գերատեսչության խոսնակն ավելի վաղ հայտարարել էր, թե Իսրայելը փորձում է Ադրբեջանի տարածքը դարձնել սպառնալիք Իրանի ազգային անվտանգության համար, նաև պնդել, որ Թեհրանը «չի կարող անտարբեր մնալ իր դեմ Ադրբեջանի տարածքից սիոնիստական ռեժիմի դավադրությունների նկատմամբ»:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, արձագանքելով իրանցի պաշտոնակցի հայտարարություններին, ասել էր, թե Իրանի կողմից Ադրբեջանի հասցեին սպառնալիքներն ու սադրանքները շատացել են, բայց դրանք Բաքվին չեն վախեցնում։
Նա հավելել էր, որ անցած օրերին Բաքվում ադրբեջանցի պատգամավորի դեմ «ահաբեկչության» հետաքննության նախնական հետքերը ևս տանում են դեպի Իրան։
Այսպիսով, Ադրբեջանի իշխանությունները առաջին անգամ պաշտոնապես հայտարարել են, որ զինված հարձակման ետևում ամենայն հավանականությամբ Իրանն է կանգնած։