Չունեմ բավարար տեղեկատվությունը անձին քաղաքական բանտարկյալ համարելու համար, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասանելով հարցին, թե կանե՞ր պնդում, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ։
Մանասյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Քաղբանտարկյալ եզրույթի մասով․ կանեի՞ք պնդում, որ չկան այդպիսիք Հայաստանում։
Մանասյան․ - Ոչ թե ընդհանուր պնդում կանեի, որ չկան այդպիսիք, այստեղ հարցին պետք է բովանդակային տեսանկյունից մոտենալ, որ ընդհանրապես իրավական գործընթացը շինծու է, հիմքեր չունի, ոչ հավասար չափանիշներով է իրականացվում անձի նկատմամբ, ընդամենն այն պատճառով, որ անձը քաղաքական գործունեությամբ է զբաղվում, և դա է պատճառը, որ երբ ինձ հարց են ուղղել, որ արդյոք այս անձը քաղաքական բանտարկյալ է, թե ոչ, ես հատուկ շեշտել եմ, որ այս պահին ես չունեմ այն անհրաժեշտ և բավարար տեղեկատվությունն իմ այս նշած չափանիշների համատեքստում, որպեսզի ես կարողանամ անձին համարել քաղաքական բանտարկյալ և, որպես մարդու իրավունքների պաշտպան, դրա վերաբերյալ անեմ միանշանակ պնդում, բայց դրա հետ մեկտեղ, ես անընդհատ շեշտադրում եմ, որ առկա են խնդիրներ արդյունավետ քննության հետ կապված, կալանքի կիրառման չափանիշների միասնականացման հետ կապված և մի շարք հարցեր գործերի քննությանը վերաբերելի։
«Ազատություն»․ - Նույնը կասեի՞ք, օրինակ, հենց Արմեն Աշոտյանի դեպքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատարանը երկու ամսով կալանավորեց Աշոտյանին. փաստաբանն ասաց՝ որոշումը բողոքարկելու են ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Աշոտյանն անցնում է նաև ԵՊԲՀ հիմնադրամին վերաբերող նոր քրեական գործովՄանասյան․ - Ընդհանուր շատ անելիք ունենք, այսինքն՝ արդյունավետ քննության հետ կապված, կիրառման չափանիշների միասնականացման հետ կապված՝ գրեթե բոլոր խափանման միջոցների առումով, նշեցի արդեն, ուժի կիրառման և այլ իրավիճակների մասով։
«Ազատություն»․ - Այս գործով մտահոգություններ չունե՞ք, տիկին Մանասյան։
Մանասյան․ - Այս գործով մենք վարում ենք պատշաճ հաղորդակցություն, այն իրավիճակներում, երբ ունենանք արդեն ձևավորված եզրահանգում որոշակի խախտումների և այլնի առնչությամբ, միանշանակ է, որ միջամտելու ենք, բայց ամենօրյա ռեժիմով, վստահ եղեք, որ թե՛ բոլոր գործերով, թե՛ այս գործով մենք միանշանակ զբաղվում ենք։
«Ազատություն»․ - Դուք կաշկանդվա՞ծ եք այս անձանց այցելել, այդ թվում՝ Աշոտյանին։
Մանասյան․ - Ես ընդհանրապես կաշկանդված չեմ, անձամբ այցելել եմ տիկին Գայանե Հակոբյանին՝ զոհված զինծառայողի մորը, այստեղ չեմ գտնվել պարոն Աշոտյանին այցելելու ընթացքում, այդ պատճառով, իմ հանձնարարությամբ, աշխատակազմի ներկայացուցիչներն են այցելել։
Մանասյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․