Մատչելիության հղումներ

Չբարեփոխված, չլյուստրացված, չվեթինգված համակարգերը որևէ շանս չունեն էդ գործունեությունը բացահայտելու. իրավապաշտպան


Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Ազատության» տաղավարում, արխիվ
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Ազատության» տաղավարում, արխիվ

Մինչ ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է օֆշորային նոր, այս անգամ «Պանդորայի փաստաթղթեր» անվանումը ստացած հսկայածավալ հետաքննությունը՝ Հայաստանում դեռ ոչ մի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չի հաջորդել հետաքննող լրագրողների նախորդ խոշոր բացահայտումներին։

2013 թվականին Կիպրոսյան օֆշորային սկանդալ անվանումը ստացած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հետաքննող լրագրողների ուշադրության կենտրոնում հայտնվեցին այն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Ավելի ուշ՝ արդեն 2016 թվականին Պանամայի օֆշորային սկանդալի կենտրոնում հայտնվեց ԴԱՀԿ ծառայության նախկին տնօրեն, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը առավել մտահոգիչ է համարում այն փաստը, որ այս գործերով նախկին պաշտոնյաները պատասխանատվության չենթարկվեցին նաև 2018 թվականի հեղափոխությունից հետո. - «Չբարեփոխված, չլյուստրացված, չվեթինգված համակարգերը որևէ շանս չունեն էդ գործունեությունը բացահայտելու կամ պատիժ նշանակելու։ 2013 թվից քրեական գործ է լսվում... Պարբերաբար էդ քրեական գործերը փակվել են, կարճվել են, կասեցվել են, նորից վերաբացվել են... Իմ խորին համոզմամբ, ավելի շատ դրանք օգտագործվում են ներսում, մեր նման երկրների դեպքում օգտագործվում են ավելի շատ ինչ-որ մարդկանց վրա ճնշում գործադրելու համար, ինչ-որ գործողություններ ակնկալելու համար, ինչ-որ գործողություններից զերծ պահելու համար։ Բայց՝ երբեք ոչ պատասխանատվության ենթարկելու»։

«Կիպրոսի օֆշորի» գործով միակ մեղադրյալը՝ գործարար Աշոտ Սուքիասյանը սկանդալից 4 տարի անց 2017 հոկտեմբերին դատապարտվեց 16 տարվա ազատազրկման։ Դատարանի դահլիճում նա պնդեց, թե առանց վարչապետ Տիգրան Սարգսյանի և արքեպիսկոպոս Կճոյանի գիտության է նրանց կիպրոսյան օֆշորային ընկերության բաժնետեր դարձրել՝ օգտագործելով վերջիններիս անձնական տվյալները։

Ժամանակին այս հարցով իրավապահների օբյեկտիվությունը կասկածի տակ առած վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո էլ պաշտոնական միջոցառումներին ջերմ շփվում էր արդեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ և այլևս չէր խոսում օֆշորային սկանդալի մասին։

2016 թվականի մայիսին Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, հանրապետական Միհրան Պողոսյանի անվան հետ առնչվող օֆշորային գործարքների առնչությամբ։ 2017 թվականի հունվարին՝ խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով հարուցված գործը կարճվեց, Պողոսյանն էլ հայտարարեց, որ այդ ամբողջ պատմությունը թյուրիմացություն էր։

2018-ի հեղափոխությունից մեկ տարի անց՝ 2019 թվականի ապրիլին դատարանը բավարարեց Միհրան Պողոսյանին կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ Այդ ընթացքում, սակայն, Պողոսյանը հասցրեց հեռանալ երկրից, ու մինչև օրս Ռուսաստանի Դաշնությունը նրան չի արտահանձնել, թեև Հայաստանը դիմել էր այդ պահանջով։

Գլխավոր դատախազությունից այսօր այս գործերի ճակատագրի մասին մեր հարցերին չպատասխանեցին, խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը մեծ խնդիր է համարում իրավապահների դանդաղկոտությունը. - «Միայն էն փաստը, որ 2018 թվականից՝ անմիջապես հեղափոխությունից հետո չընդունվեցին այն օրենքները, որոնք գործում են հիմա, որոնք գործում են հիմա, ընթացակարգերը չօգտագործվեցին, որոնք կարող էին օգտագործվել, օրինակ՝ անցումային արդարադատությունը։ Եվ փաստացի երեք տարի ժամկետ տվեցին հանցավոր գործունեություն իրականացրած մարդկանց՝ ավելի խորը պարտակելու իրանց հետքերը, սա խոսում է շատ բանի մասին»։

Այս նոր՝ «Pandora Papers» անվանումը ստացած օֆշորային սկանդալում «Հետք» պարբերականը գտել է բնապահպանության նախկին նախարար, Հանրապետական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանին առնչվող փաստաթղթեր։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շտապել է ֆեյսբուքյան գրառմամբ շեշտել, թե Հայաստանի ոչ մի նախկին նախագահ այս միջազգային սկանդալում չի հայտնվել, ինչը, ըստ Աշոտյանի, ապացուցում է, որ նախկին նախագահները թալանչիներ չեն եղել։

Իրավապաշտպանը հակադարձում է, թե, չխախտելով ոչ մեկի անմեղության կանխավարկածը, պետք է նկատել, որ փաստաթղթերում Հայաստանի նախկին ղեկավարների անվան բացակայությունը և այն հանգամանքը, որ հեղափոխությունից 3 տարի անց էլ ուժի մեջ մտած որևէ դատավճիռ չկա խոշոր կուռուպցիոն գործարքների մասին, կարող է խոսել կոռուպցիոներների հմուտ և իրավապահների ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին։

«Առանձին անհատների անունների, ազգանունների բացակայությունը որոշ ցուցակներում բնավ չի նշանակում, որ իրենք որևէ առնչություն ու կապ չեն ունեցել։ Առնվազն և' Քոչարյանը, և' Սերժ Սարգսյանը եղեկ են էն ղեկավարները, առանց որոնց իմացության որևէ բան Հայաստանում տեղի չի ունեցել», - հայտարարեց Կարապետյանցը։

«Պանդորայի փաստաթղթեր» անվամբ նոր հետաքննության կենտրոնում նաև Ալիևների ընտանիքն է։ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի գլխավորությամբ ավելի քան 650 լրագրողներ ուսումնասիրել են միլիոնավոր ֆայլեր, որոնք ներառում են երեք տասնյակ ներկա և նախկին պետությունների ղեկավարների և ավելի քան երեք հարյուր պաշտոնյաների օֆշորային գործարքները:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG