Մատչելիության հղումներ

Դատարանը կրկին կալանավորեց Գայանե Հակոբյանին


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կրկին կալանավորեց զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին 1 ամիս 15 օր ժամկետով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն առևանգելու համար մեղադրվող կնոջ նկատմամբ այսօր առավոտյան վերաքննիչի կողմից սահմանված տնային կալանքն, ըստ էության, մի քանի ժամ տևեց։

Մի քանի ժամ տևած դատական նիստի ընթացքում դատախազը նշեց, որ Գայանե Հակոբյանը ազատության մեջ գտնվելու դեպքում կխոչընդոտի գործի քննությանը:

Գայանե Հակոբյանն էլ հայտարարեց. - «Կոնկրետ Աշոտի հետ կապված ի՞նչ պիտի ունենամ, ոչ մի անձնական բան, զուտ, որ ասենք իրա պապայի կառավարության օրոք ա էս ամեն ինչը եղել, ես անկեղծ կլինեմ, զուտ դրա հետ ա կապված եղել: Ոչ մի վատ բան չի եղել, ես իրան առաջարկել եմ, իրա ոտքով նստել ա, իրան ոչ ոք զոռով չի նստացրել մեքենան: Ոչ մի անձնական բան չունեմ իրա հետ կապված, ուղղակի ուզել եմ, որ գնանք «Եռաբլուր»: «Եռաբլուրն» իմ տունն ա, իմ սրբավայրն ա, իմ սրբավայրում չէր կարա վատ բան լիներ: Եթե ես իրոք վատ ձևով մտածեի, ես ուղղակի «Եռաբլուրի» անուն էլ չէի տա, ոչ էլ կմտածեի՝ գնալ «Եռաբլուր»:

Մինչ զոհված զինծառայողի մայրը հայտարարում է, որ որևէ հանցագործություն չի կատարել և վատ մտադրություն չի ունեցել, վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը դատարանում հակառակն էր պնդում, նա հայտարարեց, որ սա ծանր հանցագործություն է և նշեց՝ բոլոր հանցագործությունների դեպքում պետք է պատիժ լինի:

«Նույնիսկ տնային կալանքը կարող է մեղմ համարվել այս դեպքի համար՝ հաշվի առնելով էն, որ տեղի ա ունեցել ծանր հանցագործությունը, խոսքը նրա մասին չի, որ, չգիտեմ, տիկին Գայանեն հարվածել ա իմ ուսին կամ էս, էն: Այսինքն՝ ըստ Քրեական օրենսգրքի, հանցագործության համար կալանք՝ 4-8 տարի, իսկ ինչ վերաբերում ա, ու ասում են՝ խափանման միջոցը փոխելու համար կարևոր ա, թե ինքը ինչքանով կարող ա խոչընդոտի դատավարությանը կամ նախաքննությանը, պլյուս դրան ևս մեկ անգամ հանցանք իրականացնելու համար, ևս մեկ անգամ հանցանք իրականացնելու հանգամանքը տիկին Գայանեի դեպքում գործում ա էն պատճառներով, որ ես ասացի, որ տիկին Գայանեն աղմկահարույց.... ու էս դեպքում շատ ավելի լուրջ ա իրավիճակը, քան նախորդ դեպքերում, էդ դեպք տեղի ա ունեցել», - նշեց վարչապետի որդին:

Թեև Աշոտ Փաշինյանը դատարանում պնդում էր, որ իրեն, այնուամենայնիվ, առևանգել են, Գայանե Հակոբյանի փաստաբանը հակառակն է ասում և այս որոշումից հետո հայտարարեց, որ դատավորի նկատմամբ եղել է բարձր մակարդակի ճնշում:

«Մեր բարձրացրած իրավական խնդիրը նա էր, որ վարչապետի կողմից առկա է ուղղակի ազդեցություն դատարանի վրա և սա ապացուցվեց նաև այս դատաքննության ընթացքում: Դուք ունեք ձեր առջև փաստերը, որ վերջինս տեսանյութերի մեջ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունում տենց դատավոր չկա, որ վարչապետի ասածը չանի, և ես կոնտեքստից կտրված չեմ ասում, Youtube-ում կան տեսանյութերը», - նշեց փաստաբանը:

Լրագրողի հարցին՝ «այս պարագայում ինչպե՞ս եք հիմնավորում այն, որ Նիկոլ Փաշինյանն ազդեցություն է գործել առաջին ատյանի դատարանի դատավորի վրա», պաշտպանը պատասխանեց. - «Մենք հրապարակեցինք նույն փաստական հանգամանքները դատարանում, մեղադրական եզրակացությունը և այն բոլոր վարութային գործողությունները, որ նաև պետք է դատարանում կատարվեն, ու պարզ դարձավ, որ իրանք ընդամենը մի հատ Աշոտ Փաշինյան ունեն հարցաքննելու, իսկ մնացածն իրեղեն ապացույցների հետազոտում է: Հետևաբար խոչընդոտելու կամ նոր հանցանք կատարելու ռիսկը ինչպե՞ս կարող լինել հիմնավոր և առկա: Դատախազի խոսքն էլ պարզ լսեցիք, որ դատարկախոսություն էր, առհասարակ որևէ փաստական տվյալ չներկայացվեց, նույնիսկ այն զանգը, որ ինչ-որ անձինք կան, որ խմբով են գործել, մեղադրանքի ծավալում դա առկա չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG