ԱՄՆ-ում այսօր մեկնարկում են Միրզոյանի և Բայրամովի բանակցությունները՝ Բլինքենի միջնորդությամբ

ԱՄՆ - Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը, Արլինգտոն, Վիրջինիայի նահանգ, 4-ը մայիսի, 2023թ.

Այսօր՝ մի քանի ժամից, Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի Արլինգթոն արվարձանում մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները՝ ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ:

Նախատեսվում է, որ բանակցությունները կշարունակվեն մինչև գալիք հինգշաբթի օրը՝ հունիսի 29-ը: Ըստ Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության հաղորդագրության, պետական քարտուղարն առանձին կհանդիպի հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կբանակցեն մինչև հունիսի 29-ը

Վերջին օրերին ամերիկացի դիվանագետներն ընդգծել են, որ հայ-ադրբեջանական խաղաղությունը հասանելիության սահմաններում է: Նրանք Երևանին և Բաքվին կոչ են արել ուղիղ շփումների միջոցով կարգավորել չլուծված խնդիրները, վստահեցնելով, որ դա երկու երկրների լիդերներին կտա կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին:

Արտգործնախարարներ Միրզոյանը և Բայրամովն արդեն Վաշինգտոնում են: Բլինքենի հետ հանդիպումներից զատ, նրանք պետք է քննարկեն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագիր» անվամբ փաստաթղթի նախագիծը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բայրամովը ևս մեկնել է ՎաշինգտոնՄիրզոյանը կմեկնի Վաշինգտոն՝ Բայրամովի հետ բանակցությունների

Վաշինգտոնյան ձևաչափով առաջին քննարկումները տեղի են ունեցել մայիսի 1-ին: Քառօրյա քննարկումներից հետո կողմերը հայտնել են, որ «որոշ հոդվածների շուրջ փոխըմբռնում է գրանցվել, սակայն մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ տարաձայնությունները պահպանվել են»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախարարներն «ունեցել են փոխըմբռնման առաջընթաց», «մի շարք հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»

Այդպիսի մի հանդիպում էլ պետք է տեղի ունենար հունիսի 12-ին, սակայն Բաքվի խնդրանքով այն հետաձգվել է, ինչի հավանական պատճառներից մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետընտրական ավանդական այցն էր Բաքու:

Այն, որ կողմերը տրամադրվում են մի քանի օր բանակցել, ինքնին հուշում է, որ սեղանին դրված նախագծի դրույթների զգալի մասն իսկապես համաձայնեցվել է, բայց, ինչպես ասում են դիվանագետները, «ցանկացած պայմանագիր ամբողջությամբ համաձայնեցված չի համարվում, եթե դրանում գոնե մեկ չհամաձայնեցված դրույթ է մնացել»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ընդգծել է, որ Երևանը ճանաչում է խորհրդային երկու հանրապետությունների սահմանները՝ Հայկական ԽՍՀ-ն՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրով, և Ադրբեջանական ԽՍՀ-ն՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետրով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հաստատում է՝ ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, իր հերթին, հաստատել է, որ Բաքուն ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց կոնկրետ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մասին ոչինչ չի ասել:

Հայկական կողմը բանակցություններում ոչ միայն փորձում է երաշխավորել նշված տարածքի անձեռնմխելիությունը, այլև ընդգծում է, որ չի կարելի անտեսել Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը: Այդ է նախօրեին ասել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը չի կարող մոռացության մատնվել. Ալեն Սիմոնյան

Սակայն Ադրբեջանի ղեկավարները պատասխանում են, թե մտադիր չեն Ղարաբաղի հայերին տրամադրել անվտանգության հավելյալ երաշխիքներ:

Նախագահ Ալիևն էլ ու նրա ռազմական նախարար Զաքիր Հասանովն ավանդույթի համաձայն ավելացնում են, թե Երևանը պետք է չմոռանա, որ ադրբեջանական բանակը գրավել է Հայաստանի տարածքը թիրախավորելու հնարավորություն ընձեռող ռազմավարական կարևոր բարձունքներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հասանովը հայտարարել է, թե մեծ ջանքեր չեն պահանջվի «Ղարաբաղում մնացած ռազմական խմբավորումները ոչնչացնելու համար»Ալիև. Ադրբեջանի ուժային կառույցների թվակազմն աճում է, նպատակը՝ թշնամուն ջախջախելն է