Ադրբեջանում ՌԴ դեսպան է նշանակել Միխայիլ Եվդոկիմովը
Երկու գերտերությունները՝ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Ադրբեջանում միաժամանակ իրենց դեսպանների թափուր պաշտոնների հարցն են լուծում։
Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինն այսօր Ադրբեջանում ՌԴ դեսպան է նշանակել Միխայիլ Եվդոկիմովին: 64-ամյա դիվանագետը 2011 թվականից զբաղեցրել է ՌԴ արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրենի պաշտոնը: Բաքվում ռուսաստանյան դիվանագիտական առաքելության նախկին ղեկավար Միխայիլ Բոչարնիկովը հնգամյա պաշտոնավարումն ավարտել է անցած շաբաթ:
Լսումներ ԱՄՆ Սենատում Մարկ Լիբբիի թեկնածության շուրջ
Ի տարբերություն Մոսկվայի՝ Միացյալ Նահանգներում ամերիկացի դեսպանի Բաքվում պաշտոնավարման ավարտից հետո չեն շտապել նոր դեսպան գործուղել։ Արդեն մեկ տարի է՝ այդ պաշտոնը թափուր է, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերություների հանձնաժողովը միայն երեկ է լսումներ անցկացրել Մարկ Լիբբիի թեկնածության շուրջ։ Լիբբին երկարամյա դիվանագետ է, աշխատել է Բրյուսելում որպես Եվրամիությունում ԱՄՆ առաքելության ղեկավարի օգնական և գործերի ժամանակավոր հավատարմատար, խորհրդական է եղել նաև Վարշավայի, Նասաուի, Նիկոսիայի և Բաղդադի ամերիկյան դեսպանություններում, բարձր պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ պետքարտուղարությունում։ Սա կլինի նրան դեսպանի պաշտոնում առաջին նշանակումը։
Բարդ երկիր է գնալու, երեկ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախազգուշացնում էին ամերիկացի օրենսդիրները՝ այդ համատեքստում հիշատակելով նաև ղարաբաղյան հակամարտությունը։ Դիվանագետն, իր հերթին, նկատեց՝ Երևանն ու Բաքուն այժմ քան երբևէ մոտ են խաղաղության շուրջ պայմանավորվածությանը։ Ադրբեջանի դեսպանի թեկնածուի համոզմամբ՝ կայուն և արժանապատիվ խաղաղության համար կենսական նշանակություն ունի ինչպես տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, այնպես էլ տարածաշրջանի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հարցի լուծումը։ Պաշտոնական Բաքուն, որը պնդում է, թե ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է, Ղարաբաղն՝ իր ներքին գործը, միջազգային հանրությունից էլ պահանջում է հրաժարվել Լեռնային Ղարաբաղ անվանումից և այն փոխարինել Ադրբեջանի Ղարաբաղի շրջանով, դեռևս չի արձագանքել իր երկրում դեսպանի պաշտոնը ստանձնել պատրաստվող դիվանագետի հայտարարությանը։
«Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, և Միացյալ Նահանգները պետք է շարունակի դատապարտել բռնությունը կամ բռնության սպառնալիքները։ Բայց, ԱՄՆ-ի և մեր եվրոպացի գործընկերների օգնությամբ կողմերն ավելի քան երբևէ մոտ են համաձայնության հասնելուն, և եթե ինձ հաստատեն, ես պարտավորվում եմ օգնել նրանց այս հարցում՝ Բաքվում ակտիվ և համառ աշխատանքով», - ասել է նա։
«Կողմերի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը ընդամենը առաջին քայլն է»
Ամերիկացի դիվանագետը միաժամանակ նկատեց՝ կողմերի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը ընդամենը առաջին քայլն է, մինչդեռ դրա իրականացումը ևս կարևոր է և պետք է կողմերին օգնել այդ պայմանավորվածությունների կատարման հարցում։ Ասաց՝ Բաքվում իր աշխատանքի մի մասը դա է լինելու։ Լիբիի համոզմամբ՝ հակամարտության վերջնական կարգավորումը կկայունացնի տարածաշրջանը և դուրս կմղի մրցակիցներին։ Թե ում նկատի ունի, ամերիկացի պաշտոնյան չհստակեցրեց։ Ասաց միայն՝ այդ մրցակիցները «փորձում են ընդլայնել իրենց վնասարար ազդեցությունը և օգուտներ քաղել հակամարտությունից»։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, նկարագրելով Լեռնային Ղարաբաղոմ ստեղծված իրավիճակը, Ալիևի վարչակազմի կողմից Լարչինի միջանքի փակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը, դիվանագետին հարցրեց՝ արդյոք պատրաստվում է դատապարտել Բաքվի գործողությունները և կոչ անել բացել միջանցքը։ Այս հարցին Մարկ Լիբբին ուղիղ չպատասխանեց, փոխարենը վկայակոչեց պաշտոնական Վաշինգտոնի հայտարարությունները և շեշտեց՝ ԱՄՆ-ն դատապարտում է ցանկացած միակողմանի գործողություն, որը խոչընդոտում է վստահությանը, մեծացնում վտանգները, վնասում մարդկանց անվտանգությունը։
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածուն, խոսելով Վաշինգտոնի և Բաքվի հարաբերություններից, հայտարարեց, թե աշխատանքը սկսելուն պես ձեռնամուխ կլինի Ռուսաստանի և Իրանի հարևան այդ երկրի հետ կապերի խորացմանը։
«Մեր համագործակցությունը Ադրբեջանի հետ ահաբեկչության, սահմանային, էներգետիկ ոլորտներում ծառայում է ԱՄՆ ազգային շահերին և անվտանգությանը»,- ընդգծեց Լիբբին՝ ներկաներին հիշեցնելով, որ Ադրբեջանը, լինելով հետխորհրդային երկիր, ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում օգնություն է ուղարկել Ուկրաինա, ինչն իր բնորոշմամբ բավական հետաքրքիր զարգացում է։
Ամերիկացի դիվանագետը նաև շեշտեց՝ վերջին շրջանում Ադրբեջանը նաև մեծ դեր է խաղում ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու գործում։ Սենատորներից մեկը ամերիկացի պաշտոնյային հիշեցրեց Ալիևի ղեկավարած երկրում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի մասին։ Լիբբին ասաց՝ ժողովրդավարությունը մարդու իրավունքների ոլորտում ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմքերից է, «ոչ թե որովհետև դրանք արտացոլում են մեր արժեքները, այլ նաև որովհետև դրանք լավագույն հիմքն են խաղաղության և բարգավաճման համար»։ «Հաստատվելու դեպքում ես պարտավորվում են հարգալից, բայց շատ անկեղծ երխոսություն վարել ադրբեջանական առաջնորդների լայն շրջանակի և քաղաքացիների հետ, համառորեն պնդել այդ արժեքները, իրավունքներն ու ազատությունները Ադրբեջանում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում»,- ասաց դիվանագետը։