Բաքուն Էրդողանի աջակցությամբ սեղմում է օղակը Արցախի շուրջ, Վաշինգտոնը պետք է կանխի հայերի վերահաս ցեղասպանությունը․ ամերիկյան Կոնգրեսում՝ Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանության հարցով լսումներ են անցկացվել, որոնց մասնակցել են մի խումբ ազդեցիկ կոնգրեսականներ, ամերիկացի փորձագետներ, նախկին դեսպաններ: Նրանք իրենց ելույթներում նախազգուշացնում էին հայերի երկրորդ ցեղասպանության վտանգի մասին, կոչ անում Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, դադարեցնել Բաքվին հատկացվող ռազմական օգնությունը:
Հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթը, ով տարիներ ի վեր ապարդյուն փորձում է հասնել Ալիևի կառավարության դեմ ամերիկյան պատժամիջոցների, կրկին շեշտել է՝ Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի իր քայլերի համար։ «2020 թվականից ի վեր Ադրբեջանը սեղմում է Լեռնային Ղարաբաղի շուրջ օղակը։ Ադրբեջանական ուժերն օկուպացրել են ոչ միայն նախկին տարածքի մեծ մասը, այլև Հայաստանի տարածքներ։ Մինչ մեր կառավարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ, մենք Կոնգրեսում պարտավոր ենք հարցնել՝ ո՞ր ուղղությամբ է գնում այդ ամենը։ Մեր երկիրը պարզապես չի կարող ընդունել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների կամ ցեղասպանության վտանգը», - ընդգծել է Սմիթը:
Միացյալ Նահանգների իշխող ուժի ներկայացուցիչ կոնգրեսական Ջիմ ՄըքԳավերնը, մանրամասն ներկայացնելով յոթերորդ ամիսը շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը, հարց է հնչեցրել՝ ի՞նչ անել, ինչպե՞ս արձագանքել այդ կացությանը. - «Ապահովել քաղաքացիական բնակչության պաշտպանություն, ինչը նշանակում է՝ ձեռնարկել ցանկացած գործողություն՝ կանխելու հետագա լարվածությունը, որը կարող է բերել նոր պատերազմների, նոր վայրագությունների»:
Կոնգրեսի հայկական հարցերով համանախագահ, հանրապետական Գուս Բիլիրակիսը գործնական քայլ առաջարկեց՝ դադարեցնել ամերիկյան ռազմական օգնությունը Ադրբեջանին․ 1992 թվականին ընդունված ԱՄՆ Սենատի«Ազատության աջակցության ակտի» թիվ 907 բանաձևը Վաշինգտոնին արգելում է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի զեկուցել Կոնգրեսին, որ Ադրբեջանը հրաժարվել է ուժի կիրառումից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, սակայն, Վաշինգտոնը վերսկսել է համագործակցությունը Ադրբեջանի հետ Ամերիկայի անվտանգային սպառնալիքների դեմ պայքարի շրջանակում, և վերջին երկու տասնամյակներին Բաքուն Վաշինգտոնից մոտ 800 միլիոն դոլարի աջակցություն է ստացել:
«Ադրբեջանը բացահայտ օգտագործել է այդ միջոցները Հայաստանի դեմ ագրեսիվ պատերազմում, անմեղ հայերի դեմ ռազմական հանցագործություններում և ներկայիս շրջափակումն իրականացնելու համար», - պնդել է կոնգրեսական Բիլիրակիսը՝ նշելով, որ կշարունակի պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները չի երաշխավորել, որ Ամերիկայի ռազմական օգնությունը չի օգտագործվում «մարդասիրական ճգնաժամերը, ցեղասպանական արշավները հավերժացնելու կամ անմեղներին թիրախավորելու համար»:
Մեկ այլ հանրապետական կոնգրեսական՝ Սեմ Բրաունբեքը, բացի ռազմական օգնությունը դադարեցնելուց Սպիտակ տնից պահանջել է նաև պատվիրակություն ուղարկել Արցախ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար: Բրաունբեքի համոզմամբ՝ Բաքվի նպատակն այդ տարածքը քրիստոնյաներից մաքրելն է. - «Ադրբեջանը պատրաստվում է սեղմել տարածքը՝ պարզապես ստիպել բնակչությանը հեռանալ և չվերադառնալ: Պատրաստվո՞ւմ ենք արդյոք թույլ տալ, որ ևս մեկ քրիստոնյա բնակչություն դուրս մղվի իր հայրենիքից: Այս ամենն իրականացվում է ամերիկյան, իսրայելական զինամթերքով, որ ունեն ադրբեջանցիները: Կարծում եմ, որ եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, նախագահ Բայդենի վարչակազմը պետք է գործի դնի 907-րդ բանաձևը»։
Լսումներին մասնակցող Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի մյուս համանախագահ Ֆրենկ Փալոնն իր ելույթում համոզմունք է հայտնել, որ Ալիևը կանխամտածված գործողություններով Արցախում հայերին տեղահանում է ու զրկում նրանց իրենց հողում ապրելու իրավունքից։ Պնդել է նաև՝ տարածաշրջանի ճգնաժամի ճարտարապետն Ադրբեջանի առաջնորդն է։
«Ալիևն ակնհայտորեն կանխամտածված գործողություններ է իրականացնում՝ Արցախում ապրող բնիկ հայ բնակչությանը արտաքսելու և զրկելու իրենց հողում արժանապատիվ և ժողովրդավարական ապրելու իրավունքից։ Ալիևը կարծում է, որ կարող է անտեսել այս խնդիրը և չբացել Լաչինի միջանցքը, եթե մենք ինչ-որ բան չանենք, որ նրան ստիպենք դա անել», - հայտարարել է դեմոկրատ կոնգրեսականը:
Փալոնը, հիշեցնելով հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հայ - ադրբեջանական բանակցությունների հերթական փուլի մասին, կոչ է արել Բայդենի վարչակազմին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ թույլ չտալու Ադրբեջանին ռազմատենչ պահվածքով թելադրել վերջնական համաձայնագրի պայմանները, քանի որ, ինչպես ընդգծել է, դա չի նպաստի տարածաշրջանում արդար, կայուն խաղաղությանը:
Լսումներին զուգահեռ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան հինգ տասնյակ անդամներ նաև նամակ են հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ Բայդենի վարչակազմից պահանջելով դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամբողջ ռազմական օգնությունը և հորդորելով Վաշինգտոնին ավելի խիստ արձագանքել Արցախի 120 հազար հայ բնակչության դեմ Ադրբեջանի շարունակական շրջափակմանն ու ագրեսիային։
Անցած գիշեր կոնգրեսական հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ընթացքում Քրիս Սմիթը տեղեկացրել է, որ մտադիր է ամերիկյան օրենսդիր մարմնում Արցախի անվտանգության հարցով մեկ այլ քննարկում էլ կազմակերպել։