Մատչելիության հղումներ

Նախարարներն «ունեցել են փոխըմբռնման առաջընթաց», «մի շարք հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»


Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման» համաձայնագրի նախագծի «որոշ հոդվածների շուրջ» ունեցել են փոխըմբռնման առաջընթաց, մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ դիրքորոշումները մնում են տարամետ»: Ասված է վաշինգտոնյան քառօրյա բանակցություններից հետո կողմերի տարածած նույնաբովանդակ հաղորդագրությունում:

Համատեղ հայտարարություն՝ երկկողմ կամ եռակողմ, Միացյալ Նահանգների մասնակցությամբ, այդպես էլ չտարածվեց։

Բայց թե որո՞նք են այն հարցերը, որոնք Միրզոյանն ու Բայրամովը Վաշինգտոնում համաձայնեցրել են, իսկ՝ որո՞նց շուրջ տեսակետները մոտեցնել չի հաջողվել, հաղորդագրություններում հստակեցված չէր։ Ընդ որում՝ շեշտվում է, որ առանցքային հարցերի շուրջ են կողմերը մնում հակադիր դիրքորոշումների։ «Ազատությունը» հարցում է ուղարկել Արտգործնախարարություն՝ պարզելու, բայց դեռ պատասխան չենք ստացել։

Թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ քննարկումներից հետո կողմերը շոշափելի առաջընթաց են գրանցել. Բլինքեն

Հայ-ադրբեջանական հանդիպումը հյուրընկալած ԱՄՆ-ի պետքարտուղարը մինչդեռ քառօրյա հանդիպումներից հետո հայտարարեց՝ թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ քննարկումներից հետո Երևանն ու Բաքուն շոշափելի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման հարցում։ Էնթոնի Բլինքենը կարծում է՝ քննարկումները խաղաղության համաձայնագրի հիմք են ստեղծել։

«Կարծում եմ՝ բանակցությունների տեմպը և մեր գործընկերների կառուցած հիմքը ցույց են տալիս, որ [խաղաղության] համաձայնագիրը իսկապես հասանելի է մեզ: Ցանկացած մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարինն է: Մենք դա գիտենք: Սակայն Միացյալ Նահանգներն այստեղ է՝ շարունակելու օգնել մեր երկու բարեկամներին հատել վերջնագիծը: Ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք դրան», - ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:

Արցախի ինքնորոշման իրավունքին բանակցությունների չորս օրերին հրապարակային անդրադարձ այդպես էլ չեղավ։ Երևանը շեշտադրում էր Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքի հետքաշման, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում անելու, ինչպես նաև՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրման հարցերը։

Իշխանությունից հայտարարում էին՝ վաշինգտոնյան բանակցությունների ընթացքում այս երեք հարցերն էլ քննարկվում էին։

Մինչ Արտգործնախարարությունը տարակարծությունները չի բացահայտում, վարչապետ Փաշինյանի խոսքից պարզ է դառնում՝ Հայաստանի շեշտադրած հարցերի շուրջ կողմերը հակասություններ ունեն՝ թե՛ Ղարաբաղի հայերի իրավունքները քննարկելու, թե՛ Հայաստանի տարածքային ամբողջականության հարցերում։

Ըստ քաղաքագետի, խաղաղության պայմանագիր հնարավոր կլինի ստորագրել, եթե Երևանն այդ առանցքային հարցերում հրաժարվի իր դիրքորոշումից

Հայաստանցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, կարծում է խաղաղության պայմանագիր հնարավոր կլինի ստորագրել մի դեպքում՝ եթե Երևանն այդ առանցքային հարցերում հրաժարվի իր դիրքորոշումից։ Մեկը՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններից։

«Բաքվի համար դա կարմիր գիծ է, եթե Բաքուն ընդունում է, որ միջազգային ներգրավվածությամբ բանակցային մեխանիզմ է ստեղծվում, իր հետպատերազմյան ողջ խոսույթները ոչնչանում են պարզապես, այսինքն, որ հակամարտություն չկա, որ Ղարաբաղի հետ կապված բոլոր հարցերը Ադրբեջանի ներքին գործն են: Այդ առումով, ես չեմ կարծում, որ նույնիսկ միջնորդները կարող են ստիպել կամ պարտադրել Բաքվին հրաժարվել այս դիրքորոշումից: Երևանի համար ևս կարծես սա կարմիր գիծ է, որովհետև եթե այս մեխանիզմը չի ստեղծում բանակցային և ինչ-որ փաստաթուղթ է ստորագրում, Լեռնային Ղարաբաղի ապագան պարզապես մնում է օդից կախված: Դժվար է լինելու նաև ներքին լսարանին «ծախել» այս փաստաթուղթը», - ասաց Գրիգորյանը:

Երեկ էլ Հայաստանի վարչապետն ասել էր՝ չկա նաև որևէ համաձայնություն խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային մեխանիզմների հարցում։

Քաղաքագետը կարծում է՝ Երևանը այդ հարցում միջազգային երաշխավորներ է փնտրում, կնախընտրեր Միացյալ Նահանգներին, Ռուսաստանի երաշխիքները, ասաց՝ տեսնում ենք՝ ինչպես են փլուզվում, Երևանի համար Մոսկվայի առաջարկը դժվար թե վստահելի է։

«Չեմ կարծում, թե այս փուլում կան խաղացողներ, որոնք պատրաստ են նմանատիպ երաշխիքներ տալ, տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները այս գործընթացում խուսափում է նույնիսկ ակտիվ միջնորդությունից, և նրանք նույնիսկ շեշտում են, որ բանակցությունները պետք է լինեն ուղիղ, չմիջնորդավորված, և Բաքուն դա շատ լավ հասկանում է: Բաքուն հասկանում է, որ կարող է ագրեսիվ, բռնի գործողությունների միջոցով ստեղծել տարբեր իրողություններ գետնի վրա և պարզապես պարտադրել այդ իրողությունները միջազգային հանարությանը: Մինչդեռ Երևանը փորձում է սեփական դիրքորոշումները համապատասխանեցնել միջազգային հանրության դիրքորոշումների հետ», - ընդգծեց Գրիգորյանը:

Երեկ էլ հայտարարվեց հայ-ադրբեջանական քննարկումների շարունակության մասին։ Արտգործնախարարների հաջորդ բանակցությունները, ըստ հայտարարությունների, Ռուսաստանում կանցկացվեն մայիսին, բայց օրը հայտնի չէ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG