Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը Սիսիանի օդակայանում ողջունել են Եվրոպական խորհրդարանի պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին և SEDE (Եվրոպական խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողով) պատվիրակությանը։
Ըստ առաքելության թվիթերյան էջի՝ նրանք այստեղ են՝ միանալու ԵՄ քաղաքացիական առաքելության թիմին՝ դեպի Լաչինի միջանցք ծրագրվող պարեկության համար:
Երեկ Լուազոն հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ընդծելով, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունն ու հրադադարի ռեժիմի խախտման գործելաոճը, ինչը ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում՝ Փաշինյանը կարևորել է միջազգային փաստահավաք առաքելության մուտքը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ:
Իր հերթին, Նատալի Լուազոն ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու, ինչպես նաև լարվածության ռիսկերը նվազեցնելու քայլերի անհրաժեշտությունը:
Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն է տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի վերջից։ Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ առաքելությունը երեք նոր դաշտային գրասենյակ կբացի Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում