Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ հայտարարել է, որ Մոսկվան կշարունակի աջակցել Բաքվին և Երևանին տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում։
«Իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և ընդհանրապես Անդրկովկասում իրավիճակի բարելավման ամենակայուն և երկարաժամկետ հիմքը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացումն է», - պնդել է Զախարովան:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը վերստին վստահություն է հայտնել, թե Անդրկովկասում Եվրամիության քաղաքականության «իրական հիմքում Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է՝ Հարավային Կովկասը վերածելով աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի»։
«Առաքելության մեկնարկը, որի նպատակ է հռչակվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելը, տեղի է ունեցել միակողմանիորեն, ոչ կոնսենսուսային հիմունքներով, առանց ադրբեջանական կողմի և տարածաշրջանային այլ խաղացողների համաձայնության և առանց պատշաճության։ Սա միայն հաստատում է տարածաշրջանում ԵՄ քաղաքականության իրական նախապատմությունը, որի համար ամենակարևորն է՝ Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղել, Հարավային Կովկասը վերածել աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի՝ ի վնաս այստեղ ապրող մարդկանց հիմնարար շահերի», - պնդել է Զախարովան ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանությունում։
«Հայ-ադրբեջանական սահմանի տարածքում ԵՄ «փորձագետների» կասկածելի ակտիվությունից «հավելյալ արժեք» չկա, ավելին՝ նրանք չեն կարողանում ապահովել անվտանգությունը և Ռուսաստանի վճռական դերով ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունների կատարումը: Տարածաշրջանում խաղաղության իրական երաշխիքը մնում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայությունը», - հավելել է նա։
«Մենք տեղյակ ենք Հայաստանում իր ներկայությունն ուժեղացնելու Եվրամիության հայտարարած ծրագրերին, որոնց համար առաջիկայում կբացվեն Հայաստանում ԵՄ «դիտորդական» առաքելության երեք նոր հենակետերը Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում: ԵՄ անդամներն ի սկզբանե գործել են ծայրահեղ ոչ-թափանցիկ։ ԵՄ ներկայության տեղակայումը Հայաստանի տարածքում հարկադրված էր՝ Բրյուսելի լուրջ ճնշման ներքո։ ԵՄ-ականները գործնականում պարտադրեցին իրենց ներկայությունը», - նաև ասել է Մարիա Զախարովան:
Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն է տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայված է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը բազմիցս քննադատել են այն: