Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն խստորեն դատապարտել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերի հայտարարությունը, որ հայերի կարծիքով՝ Ադրբեջանը հարձակման է պատրաստվում 2023 թվականի գարնանը։
«Մենք խստորեն դատապարտում ենք այն փաստը, որ ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը, հիմնվելով հայկական կողմի կեղծ և զրպարտչական հայտարարությունների վրա, կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն իբր պատրաստվում է հարձակման, և ներկայացրել, թե ԵՄ առաքելության հիմնական խնդիրը Հայաստանը Ադրբեջանից պաշտպանել է», - ասել է Հաջիզադեն:
«Մենք բազմիցս ընդգծել ենք այս առաքելության չարաշահումները կանխելու անհրաժեշտությունը՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելուն», - նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը իր մեկնաբանության մեջ։
Նրա խոսքով՝ «ԵՄ առաքելությունը չպետք է ենթարկվի կեղծ ու զրպարտչական հայտարարություններին և պետք է գործի իր մանդատի համաձայն»։
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը, մինչդեռ, ոչ թե ասել է, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման, այլ՝ «շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանի կողմից գարնանը հարձակում կլինի»: «Եթե դա տեղի չունենա, մեր առաքելությունն արդեն հաջողված է», - ընդգծել է Ռիթերը: