Մատչելիության հղումներ

Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայման երկու տարին «կարող է ճակատագրական լինել տարածաշրջանի համար»


Եվրամիության դիտորդները Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մերձակայքում, արխիվ
Եվրամիության դիտորդները Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մերձակայքում, արխիվ

Եվրոպական ներգրավվածության կարիք առաջացավ, երբ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը հրաժարվեցին այդ դերը ստանձնել, ընդգծում է «Քարնեգի» կենտրոնի ռուս փորձագետը:

Ի՞նչ կտա դիտորդների տեղակայումը

Արդյո՞ք Եվրամիության նոր առաքելությունը կկարողանա դուրս մղել Ռուսաստանին հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացից, ի՞նչ կտա դիտորդների տեղակայումը՝ «Քարնեգի» կենտրոնի փորձագետ Կիրիլ Կրիվոշեևի հարցադրումն է: Վերլուծաբանի համոզմամբ՝ եթե եվրոպացիներին հաջողվի Հայաստանի համար հարաբերական անդորր ապահովել և հաստատել Ադրբեջանի սահմանային ոտնձգությունները, ապա այլևս անհերքելի կլինի, որ Ռուսաստանը միակ ուժը չէ, որի հետ Երևանը կարող է հույսեր կապել:

Փորձագետ Կիրիլ Կրիվոշեև, արխիվ
Փորձագետ Կիրիլ Կրիվոշեև, արխիվ

«2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին տիրող իրավիճակը նույնպես արժանի է համակ ուշադրության։ Այնտեղ արդեն մեկ անգամ չէ, որ տեղի են ունեցել մեծ թվով զոհերի հանգեցրած լայնածավալ սրացումներ. այդպես Բաքուն փորձում է ցույց տալ Երևանին, թե ինչ է իրեն սպասում, եթե Ադրբեջանի պահանջած պայմաններով խաղաղության պայմանագիր չստորագրվի», - գրում է հոդվածի հեղինակը և փաստում՝ թեև առաջիկայում Հայաստանի տարածքում տեղակայվող եվրոպական դիտորդների թիվն ու լիազորությունները տպավորիչ չեն, այդուհանդերձ, նրանց տեղակայման երկամյա ժամկետը հուշում է «շատ ավելի լուրջ հայտի մասին»։

Ռուս փորձագետի կարծիքով՝ այդ երկու տարին կարող է ճակատագրական լինել տարածաշրջանի համար, և «հասկանալի» է Երևանի տրամաբանությունը, որը եվրոպացիների ներգրավվածությունը համարում է «դիվանագիտական մեծ հաղթանակ»։

«Հայաստանին պետք է ինչ-որ մեկը, ով սահմանային հերթական սրման դեպքում չվարանի հրապարակայնորեն հայտարարել՝ Ադրբեջանն իսկապես հարձակվում է միջազգայնորեն ճանաչված հայկական տարածքի վրա և ռազմական գործողությունների ընթացքում ձգտում է գրավել կարևոր բարձունքներ», - մանրամասնում է Կրիվոշեևը։

«Մինչ Մոսկվան կորցնում է հայերի վստահությունը, Եվրամիությունը տրամաբանորեն մեծացնում է իր ներկայությունը»

Հոդվածագիրը փաստում է՝ եվրոպական ներգրավվածության կարիք առաջացավ, երբ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը հրաժարվեցին այդ դերը ստանձնել։ Ըստ վերլուծաբանի, դրանում հայերը բազմիցս են համոզվել՝ «2021 թվականի մայիսին և հատկապես 2022 թվականի սեպտեմբերին, երբ ադրբեջանական զինուժը գնդակոծել է սահմանից 13 կիլոմետր հեռավորության վրա գտնվող առողջարանային Ջերմուկ քաղաքը»:

«Թեև Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը դաշնակցային պարտավորություններ ունեն Հայաստանի հանդեպ, այդուհանդերձ, այն ամենը, ինչ տեղի է ունենում Ադրբեջանի հետ սահմանին, մեկնաբանում են ընդգծված չեզոքությամբ։ Հայկական տարածքի օկուպացիան չեն հաստատում, ոչ էլ հերքում են՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ սահմանը սահմանազատված չէ», - գրում է «Քարնեգի» կենտրոնի վերլուծաբանը՝ նկատելով, որ Երևանի դաշնակիցները նախընտրում են օգտագործել այնպիսի ձևակերպումներ, ինչպիսին է «սահմանային միջադեպը», թեև նման «միջադեպերում» զոհվում են տասնյակ մարդիկ, տուժում են քաղաքացիական ենթակառուցվածքները: «Ընդ որում, Ադրբեջանում իշխանամետ փորձագետները չեն էլ թաքցնում այդ սրացումների իրական էությունը՝ դրանք Բաքվին պետք են, որպեսզի պարտադրի Երևանին խաղաղության պայմանագիր ստորագրել անհրաժեշտ պայմաններով», - ընդգծում է փորձագետը:

Նման իրավիճակում, վերլուծաբանի գնահատմամբ, Եվրամիության հետ համագործակցությունը Հայաստանի համար սահմանափակ հնարավորություններից է՝ ինչ-որ կերպ ամրապնդելու իր դիրքերը։

«Մինչ Մոսկվան կորցնում է հայերի վստահությունը՝ անկարողություն դրսևորելով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու հարցում, Եվրամիությունը տրամաբանորեն մեծացնում է իր ներկայությունը։ Այո՛, հարյուր անձից կազմված դիտորդական առաքելությունը ամենահամարձակ քայլը չէ, սակայն դա էլ բավարար է, որպեսզի թեժացնի արևմտամետ տրամադրությունները Հայաստանում», - գրում է «Քարնեգի» կենտրոնի փորձագետը՝ հիշեցնելով ԵՄ դիվանագիտական ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը Հայաստանում տեղակայվող առաքելության մասին՝ «Հարավային Կովկասի իրավիճակում Եվրամիության ներգրավվածության նոր փուլ»։

Հոդվածագիրը, անդրադառնալով Մոսկվայի ջղաձիգ արձագանքին, փաստում է, որ «ռուսաստանցի սահմանապահները բավարար հնարավորություններ ունեին գետնի վրա արձագանքելու իրավիճակին դեռևս սեպտեմբերյան մարտերի ժամանակ, սակայն նախընտրեցին չօգտագործել դրանք»։

Ոչ թե աշխարհքաղաքական ընտրություն, այլ՝ ստիպված քայլ

«Հայաստանը ձգտում է ավելորդ անգամ չսադրել Ռուսաստանին և զգուշորեն ընդգծում է, որ մինչև ԵՄ-ին դիմելը փորձել է Մոսկվայի հետ կապ ունեցող կառույցներին դիմել, սակայն ըմբռնման չի արժանացել», - գրում է հոդվածի հեղինակը և եզրահանգում. - «Եվրոպացի դիտորդներին հրավիրելը Երևանի համար ոչ թե աշխարհքաղաքական ընտրություն է, այլ՝ ստիպված քայլ»։

«Քարնեգի» կենտրոնի վերլուծաբանը միևնույն ժամանակ ընդգծում է՝ Եվրամիությունը, ինչպես և Մոսկվան, չի կարող օբյեկտիվ լինել Հարավային Կովկասի հարցում ՝մասնավորապես էներգետիկ ճգնաժամի պայմաններում:

«Այդուհանդերձ, եվրոպացիները հայերի համար կարող են ավելի հուսալի փաստաբան լինել ոչ միայն հումանիզմի և միջազգային իրավունքի գերակայության նկատմամբ մտահոգությունից ելնելով։ Առաքելությունը Եվրամիության համար ևս մեկ հնարավորություն է՝ դուրս մղելու Ռուսաստանին Հարավային Կովկասից», - գրում է Կիրիլ Կրիվոշեևը։

Բաքվում դեռ ստիպված կլինեն գործ ունենալ առաքելության աշխատանքի արդյունքների հետ

«Առայժմ Բաքվում հոխորտում են, թե իրենք պարտավորություն չունեն ինչ-որ կերպ արձագանքելու եվրոպական առաքելության աշխատանքին։ Սակայն նրանք դեռ ստիպված կլինեն գործ ունենալ այդ առաքելության աշխատանքի արդյունքների հետ, որը դրվելու է Շառլ Միշելի սեղանին», - ընդգծում է հոդվածագիրը՝ կարծիք հայտնելով, որ Բրյուսելի հետ զրույցում դժվար թե աշխատի այն նույն փաստարկը, որը Բաքուն օգտագործում է ներքին լսարանի համար՝ «մենք կարող ենք խորանալ հայկական տարածքներում որքան ուզում ենք, որովհետև նրանք դեռ խաղաղության պայմանագիր չեն ստորագրել և 27 տարի օկուպացրել են մեր տարածքի 20 տոկոսը»։

Ռուս փորձագետը փաստում է՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն իսկապես դանդաղել են, նրա կարծիքով՝ հայկական կողմը խելամիտ չի համարում նման ճակատագրական որոշում կայացնել մի ժամանակահատվածում, երբ ամբողջ աշխարհը զբաղված է Ուկրաինայով։

Հայաստանում հույս ունեն, որ երկու տարում աշխարհն ավելի կանխատեսելի կդառնա

«Քարնեգի» կենտրոնի վերլուծաբանը ենթադրում է՝ Հայաստանում հույս ունեն, որ ԵՄ առաքելության տեղակայման երկու տարում աշխարհն ավելի կանխատեսելի կդառնա, գոնե Ուկրաինայում ռազմական գործողությունների ինտենսիվությունը կնվազի, ինչը թույլ կտա Ռուսաստանին և Արևմուտքին մեծ ուշադրություն դարձնել կամ նոր բան առաջարկել տարածաշրջանին։

«Իհարկե, նման հույսերը դժվար է մտածված ռազմավարություն անվանել, բայց Հայաստանը վաղուց է սովորել հեռահար ծրագրեր չկազմել», - նկատում է Կրիվոշեևը։

«Նոյեմբերին և դեկտեմբերին ընդամենը 40 եվրոպացի դիտորդների ներկայությունն օգնեց նվազեցնել գնդակոծությունը և խուսափել նոր զիջումների պարտադրանքից։ Կա հնարավորություն, որ նույնը հիմա էլ կաշխատի», - ամփոփում է ռուս փորձագետ Կիրիլ Կրիվոշեևը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG