Մատչելիության հղումներ

ԵՄ գործողություններն ուղղված են Ռուսաստանին Ադրբեջան - Հայաստան գործընթացից հեռացնելուն. Բաքվում ՌԴ դեսպան


Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկով, արխիվ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկով, արխիվ

Ռուս դիվանագետն սկսել է տարածաշրջանում անվտանգության ռիսկեր տեսնել:

Եվրամիության գործողություններն ուղղված են Ռուսաստանին ադրբեջանա - հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից հեռացնելուն, հայտարարել է Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը ադրբեջանական Haqqin տեղեկատվական-վերլուծական պորտալին տված հարցազրույցում:

«Կարծում եմ՝ մենք չպետք է խաբվենք «քաղաքացիական առաքելություն» տերմինով», - ասել է Բոչարնիկովը՝ շարունակելով, թե «առաքելությունն ինքնին Եվրամիության ընդհանուր քաղաքականության վարողն է անվտանգության և պաշտպանության ոլորտում, այլ ոչ թե քաղաքացիական, և հնարավոր է, որ այն վերածվի ռազմական բաղադրիչներով ներկայության, նաև գոյություն ունի հնարավորություն, որ այս առաքելությունը կսկսի ընդլայնվել դեպի Լեռնային Ղարաբաղի տարածք»:

Ռուսաստանի դեսպանի խոսքով՝ եթե փորձեր արվեն ընդլայնելու այդ առաքելության ներկայությունը Արցախում, դա կարող է խնդիրներ առաջացնել տարածաշրջանում ներկա ռուս խաղաղապահների և սահմանապահների համար: «Նման խնդիրներն անվտանգության ռիսկ են ողջ տարածաշրջանում, ողջ Հարավային Կովկասում: Մեզ՝ այս տարածաշրջանի բաղկացուցիչ միավորներին, բնակիչներին, պետք չեն արտատարածաշրջանային ուժեր՝ այստեղ մեր խնդիրները լուծելու համար», - հայտարարել է Բոչարնիկովը։

Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն է տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Նախատեսվում է, որ առաքելության մանդատը կլինի երկու տարի, օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվելու է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց է տվել իր բացասական դիրքորոշումը տվյալ հարցում, Ադրբեջանն էլ վերապահումներ է հայտնել:

Անդրադառնալով Բաքվի կողմից որպես «Զանգեզուրի միջանցք» ներկայացվող թեմային՝ Ռուսաստանի դեսպանը վստահեցրել է, թե բոլոր հիմքերը կան տրանսպորտային տնտեսական ուղիները բացելու ծրագրերն իրականացնելու համար:

«Կարծում եմ՝ այս ուղղությունը կյանքի կոչվելու բոլոր հիմքերն ունի, այս հարցում անհաղթահարելի տարաձայնություններ չեմ տեսնում», - ասել է ռուս դիվանագետը՝ հիշեցնելով , որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խումբ կա, որը զբաղվում է այդ հարցերով։

«Նրանք իրականում հասել են փոխըմբռնման բարձր մակարդակի թե՛ բիզնես շահերի, թե՛ տեխնիկական նկատառումների առումով այս նախագծի իրականացման համար։ Ուստի կարծում եմ, որ դա միանգամայն իրագործելի է, և հուսանք, որ նույն տնտեսական նկատառումները կգերակայեն», - նշել է Բոչարնիկովը։

XS
SM
MD
LG