Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հրաժարվում է որևէ գնահատական տալ Սարամեջի ղեկավարի ամուսնուն Սպիտակի քաղաքապետի որդու կողմից ծեծելու դեպքին՝ պնդելով, որ տուժողը չի բողոքում:
Այնինչ վարչական ղեկավարի ամուսինը ծեծի հետևանքով ուղեղի ցնցում էր ստացել։
«Կողմերը դրա մասին հերքում են կամ բողոք չկա, ես ինչքանով որ տեղյակ եմ, բողոք չկա, այսինքն՝ փաստը չի արձանագրվել, որ ծեծկռտուք է եղել, ծեծկռտուք չի եղել։ Հարցը գտնվում է իրավապահների դաշտում, թող իրավապահները բազմակողմանի ուսումնասիրեն և բացահայտեն, եթե ծեծկռտուք է եղել։ Ինչ-որ մեկը չի ասում, որ կռիվ է արել, չի արել, ես նման բան չեմ լսել, խոսքը սրա մասին է։ Հիմա մամուլում գրվել է, որ ծեծկռտուք է եղել, դա մամուլն է գրել, բայց դա փաստ չէ», - «Ազատությանն» ասաց մարզպետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծեծելու կասկածանքով ձերբակալված Սպիտակի ղեկավարի որդին ազատ է արձակվելԴիտարկմանը, թե ծեծվողն ասել է, որ իրեն հետևից հարվածել են, Սպիտակի համայնքապետի որդին էլ ասել է, որ ինքն է հարվածել, Արամ Խաչատրյանն արձագանքեց․ - «Ես չեմ լսել նման բան, իրավապահները թող բացահայտեն»։
Հայտնի չէ՝ Լոռու մարզպետն ինչի հիման վրա է պնդում, թե ծեծի դեպքով բողոք չկա, եթե Սարամեջի վարչական ղեկավար Թամարա Մինասյանն ասում է՝ մտադիր են գնալ մինչև վերջ, ամուսինն էլ՝ Էդգար Հովհաննիսյանը, գործով տուժող է ճանաչվել։
«Ես ոչ թե բողոքում եմ, այլ պահանջում եմ՝ ով են, ով չեն, չգիտեմ, համայնքի ղեկավարի որդին շատ ապրի, որ ասել է՝ «ես եմ եղել», հիմա թող մնացածն էլ գան ասեն՝ «մենք ենք եղել», - «Ազատությանն» ասաց Մինասյանը։
Թամարա Մինասյանի խոսքով՝ Սպիտակի համայնքապետի որդին, որ դեպքից հետո խոստովանել էր մեղքը, միայնակ չի եղել։ Ավելի վաղ էլ գյուղացիներն էին պնդել, որ Էդգար Հովհաննիսյանին խմբակային են ծեծել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չի եղել բացարձակ ոչ մի վիճաբանություն. Սարամեջի վարչական ղեկավարը հերքում է ՔԿ-ին«Ես, որպես վարչական ղեկավար, կապ չունի, որ իմ ամուսինն է, միանշանակ նման թափթփուկները պետք է պատժվեն։ Եթե դրանք պատասխանատվության չենթարկվեն, իրենք պատուհաս են դառնալու ամբողջ համայնքի գլխին։ Մինչև վերջ թող օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկեն 20-25 թափթփուկների», - ասաց վարչական ղեկավարը։
Դեպքից առաջ սարամեջցիների պահանջով գյուղ էր այցելել Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանն իր ենթակաների հետ։ Ընդ որում, նրանց ուղեկցում էին համայնքապետի որդին ու այլ երիտասարդներ, որոնք էլ, ըստ Թամարա Մինասյանի, օրեր անց ծեծել են ամուսնուն՝ իր հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։
«Եթե ես համայնքապետի հետ ունեցել եմ տարաձայնություն աշխատանքի բերումով, ուրիշ ոչ մի անձնական, ինչի՞ համար էին եկել գյուղ էդ 4-5 մեքենայով էդ ջահելները», - ասաց Մինասյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սարամեջի բնակիչները դժգոհ են. գյուղում կրքեր են բորբոքվելՄեկ ամիս առաջ տեղի ունեցած դեպքով դեռևս մեղադրյալներ չկան, չնայած համայնքապետի որդին դրա հաջորդ օրը ներկայացել էր ոստիկանություն, խոստովանական ցուցմունք տվել և ազատ արձակվել:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեի Սպիտակի բաժնի պետ Մացակ Փանոսյանն ազատվել է աշխատանքից, ավելին՝ հեռացել է իրավապահ համակարգից։
Լոռիում լուրեր էին տարածվել, որ նրա աշխատանքից ազատվելը կապ ունի Սարամեջի դեպքի հետ։ Երեկ Քննչականից հայտնեցին, թե Փանոսյանն ազատվել է իր դիմումի համաձայն՝ առանց պատճառներ նշելու:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔԿ-ից հաստատում են՝ Սպիտակի բաժնի ղեկավարը ոչ միայն պաշտոնից է ազատվել, այլև իրավապահ համակարգից է դուրս եկել