500 ստորագրությամբ ուղերձ կհասնի կառավարություն, որտեղ Սպիտակի բնակիչները խնդրում են լուծել տրանսպորտի հարցը։ Նախաձեռնող խմբի ջանքերով, ի վերջո, ավագանին որոշեց դիմել կառավարությանը՝ համայնքի 21 բնակավայրերն ավտոբուսներով ապահովելու խնդրանքով։
Ուղերձում կառավարությանը խնդրում են համայնքին ֆինանսական միջոցներ հատկացնել ավտոբուսներ ձեռք բերելու համար կամ նվիրաբերել դրանք։ Նախաձեռնող խմբի անդամ, սպիտակցի Անուշիկ Պետրոսյանն ավագանու նիստում նշեց, թե համայնքի խոշորացումից հետո արդեն 3 տարի 21 բնակավայրերից մեծամասնության բնակիչների հիմնական փոխադրամիջոցը կա՛մ սեփական մեքենաներն են, կա՛մ էլ տաքսիները։
«Թերևս այն կարծիքն է ստեղծվել, որ սա ուղղակի քմահաճույք է՝ տրանսպորտ ունենալ։ Ընդամենը տրանպորտ է, դրանից ավելի կարևոր հարցեր կան, բայց եկեք դիտարկենք… 21 բնակավայրեր ընդգրկող Սպիտակ համայնքում այս պահին օրինական սկզբունքով ընդամենը մեկ երթուղի է սպասարկվում, այլ երթուղիները, օրինակ՝ Ջրաշեն-Սպիտակ և այլն, դրանք հիմնականում բանավոր համաձայնությունների հիման վրա են աշխատում», - ասաց նա։
Սպիտակ քաղաքին միացած գյուղերում բնակիչներն ասում են՝ հանրային տրանսպորտի բացակայությունը մեծ դժվարություններ է առաջացրել հատկապես թոշակառուների համար, որոնք ամեն ամիս կենսաթոշակն ստանալու համար ստիպված են համայնքի կենտրոն հասնել. - «Մարդիկ թոշակ են ստանում 30 հազար դրամ, 5 հազարը տալիս են տաքսու, որ գնան, գան։ Եղա՞վ ճիշտ։ Գնում են, այդ օրն էլ չի ստացվում, մի երկու անգամ գնացին, էդ փողը ճամփին հատնում է»։
Ինչո՞ւ տրանսպորտային նորացված համակարգն այդպես էլ չներդրվեց մարզերում։ Կառավարությունն այդպիսի ծրագիր ուներ դեռ երկու տարի առաջ։ Սպիտակում մեկ տարվա ընթացքում երեք մրցույթ է տապալվել, հաջորդ մրցույթը կկայանա մեկ ամսից, ասաց համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը։
«Նախորդ երեք մրցույթները չեն կայացել՝ մասնակիցներ չլինելու և հայտեր չներկայացնելու պատճառով», - մանրամասնեց նա։
Մինչ այսօր միայն մայրաքաղաքի հարակից Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում է հաջողվել իրականացնել կառավարության ծրագիրն, ըստ որի՝ տրանսպորտային ընկերությունների ավտոբուսների տարիքը մինչև 10 տարեկան կարող է լինել։ 10 տարին լրացած ավտոբուսները ենթակա են պարտադիր փոխարինման: Ընդ որում, գլխավոր պայմաններից մեկն էլ այն է, որ ավտոբուսները պետք է նախատեսված լինեն նաև տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար։
Կոտայքի մարզում պետության պահանջներին համապատասխանող ավելի քան 200 ավտոբուս շահագործող «Մուլտի տրանս» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տրանսպորտի հարցով Սպիտակի ավագանու նիստին հրավիրված էր։ Ասաց՝ պատրաստ են Սպիտակում մինչև 25 ավտոբուս ներդնել ու սպասարկել երթուղիները, բայց օրենքում փոփոխություններ լինելու դեպքում միայն. Հայաստանի գյուղերի անմխիթար ճանապարհներին թանկարժեք ավտոբուսներ հանելը շահույթ չի բերի։
«Նման ձևով երկար ապագա չի, ոչ մի համայնք չի հագեցվի տրանսպորտով, եթե օրենքը չփոխվի։ Օրենքը փոխվի, խնդիր չկա», - նշեց նա։
«Մուլտի տրանսը» Կոտայքում ավելի քան 200 ավտոբուս երթուղի հանելուց հետո ուղեվարձը գրեթե կրկնակի թանկացրել էր։ Տնօրենն ասաց՝ հաշմանդամների համար նախատեսված ավտոբուսները չափազանց թանկ են, Սպիտակում ևս նման ներդրում անելու դեպքում ստիպված կլինեն թանկացնել ուղեվարձը։ Ընդ որում, ընկերության հաշվարկներով՝ Կոտայքի մարզի հաշմանդամություն ունեցող որևէ բնակիչ մեկ տարվա ընթացքում 200 ավտոբուսներից չի օգտվել. - «Մենք չենք խոսում, թե խնդիրները ոնց պիտի … տվյալ խնդրով մարդուն տրանսպորտը ոնց պիտի Ա կետից Բ կետ տեղափոխի։ Ինքը պատրաստ է Ա կետում սպասել, բայց այդ տվյալ բնակիչը պետք է հասնի Ա կետ։ Մենք պետք է հասկանանք, որ այդ խնդիրը շատ խորն է»։
Սպիտակի իշխանությունները ի սկզբանե քննադատում էին խնդիրը կառավարություն հասցնելու 500 բնակիչների նախաձեռնությունը։ Ստորագրություններով ուղերձը ստանալուց հետո համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը հավաքել էր գյուղապետերին, որոնք արդարանում էին, թե իրենց բնակիչները ստորագրել են, որովհետև սխալ են հասկացել տեքստը։ Ի վերջո, ավագանին որոշեց դիմել կառավարությանը, որին կողմ չէին միայն համայնքապետը, տեղակալն ու իշխող կուսակցության ևս 4 անդամներ։ Բայց նրանք էլ ձեռնպահ քվեարկեցին, չնայած դեմ էին հարցը կառավարություն հասցնելուն։ Դեմ քվեարկողներ չեղան։