Սպիտակ համայնքի գյուղերից մեկում՝ Սարամեջում, կրքեր են բորբոքվել։ Գյուղի 1500 բնակիչներից երկուսը հաճախ են երևում Սպիտակի համայնքապետարանում, ղեկավարի հետ հանդիպում խնդրում։ Իսկ սա երկու տարի առաջ ընտրված «Քաղաքացիական պայմանագրի» համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի սրտով չէ։ Կանչել է Սարամեջի վարչական ղեկավարին, թե աշխատանքից հեռանալու մի դիմում գրի, լավ միջնորդ չես գյուղի ու համայնքապետարանի միջև։
«Գալիս են այնպիսի հարցերով, որով կարելի է հենց գյուղում լսել և պատասխանը տեղում ստանալ։ Վարչական ղեկավարը ուղղորդում է, ասում է՝ գնացեք համայնքապետարան, որ գլուխները խառնեք», - ասում է նա։
Վարչական ղեկավար Թամարա Մինասյանը հակադարձում է՝ հաճախ գյուղ գայիք, գյուղացու խնդիրները լսեիք, բնակիչը ձեր դուռը չէր թակի. - «Մինչև այս պահը 1-2 անգամ դիմել եմ պարոն համայնքապետին, որ ներկայացեք, բնակիչներն ուզում են Ձեզ հետ հանդիպել, ուզում ենք խոսել։ Չի կայացել, էլի բնակիչներից հավաքվել ենք, ու չի կայացել»։
Համայնքապետը հարցրեց՝ քանի՞ անգամ են իրեն գյուղում տեսել։ Հնչեց՝ ոչ մի անգամ։
Նախկինում՝ առանձին գյուղ եղած ժամանակ, Սարամեջը 50 միլիոն դրամանոց բյուջե ուներ։ 20 ուրիշ գյուղերի հետ մի խոշորացված համայնք դառնալուց հետո այդ գումարի կեսն էլ Սարամեջի վրա չի ծախսվում։ Գյուղացիները դժգոհ են. - «Մանկապարտեզ չունենք, բարձրաձայնել ենք, սպորտզալ չունենք, սեզոնն է արդեն ջրի, մենք ոռոգման ջրի խնդիր ունենք»։
Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Քաջայր Նիկողոսյանը մատնացույց է անում՝ հենց այսօր գյուղ տանող 4,5 կիլոմետրանոց ճանապարհը հիմնովին նորոգվում է պետական բյուջեի միջոցներով։ Կես միլիարդ դրամ կծախսվի։ Այս տարի նախատեսված է նաև սարերից եկող ջրի համար ջրամբար կառուցել։ Անցած տարի էլ գյուղի ոռոգման ջրագիծն է նորացվել։ Չնայած արդեն պետք է շահագործված լիներ, բայց դեռ խողովակի մեջ ջուր չկա։ Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանը խոստացավ՝ օրերս կփորձարկեն, ու ամառը գյուղում ոռոգման ջուր կլինի։
«Շինարարի հետ պայմանավորվել ենք, որ եղանակները տաքանա, գա, փորձարկի։ Դեռ ավարտված չի շինարարությունն ամբողջությամբ», - նշեց նա։
Վարչական ղեկավարի ու մի խումբ գյուղացիների դժգոհությունները նախօրեին մարզպետարան էին հասել։ Այդտեղ էր որոշվել, որ համայնքապետը Սարամեջ կգնա, կհանդիպի բնակիչներին. - «Մենք համայնքով ցանկանում ենք, որ Ձեր այցելությունը մեր համայնք հաճախակի լինի»։
Քանի որ գյուղում ժողովներին հարմար դահլիճ չկա, հենց փողոցում խոսեցին, վիճեցին, բայց այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան։ Մեկը դեմ էր վարչական ղեկավարին, մյուսը՝ կողմ։ Ռուսաստանից վերջերս գյուղ վերադարձած Գերասիմ Հակոբյանի համախմբվելու և մեկ մարդու նման գյուղը շենացնելու կոչերն էլ օդում կախված մնացին։
Սպիտակ համայնքի ավագանիում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բացարձակ մեծամասնություն ունի։ Բայց, դեռ անցած տարվանից 18 հոգանոց խմբակցության կեսը բոյկոտում ու նիստերին չի ներկայանում, խմբակցության ներսում հակասություններ կան, անգամ կուսակցությունը լքողներ եղան։ Հնարավոր է՝ առաջիկայում նաև մանդատները ցած դնեն։ Բայց իշխող կուսակցության ցուցակով համայնքապետ դարձած Քաջայր Նիկողոսյանն ավագանիում խնդիրներ չի տեսնում։ Նիստերը գումարում են, ու թեև նվազագույն քվորումով, ընդդիմադիր գործընկերների հետ հիմնականում միաձայն ընդունում են բոլոր որոշումները։
«Տարբեր տեսակ են մտածում, տարբեր ակնկալիքներով, որը որ իրականում ողջունելի չէ մեր կողմից։ Հիմա բայց թևեր չկան, դրանք վերացան, պառակտում հասկացողությունը վերացավ, մենք քվորում ունենք։ Մի քանի օր առաջ ավագանու նիստ էր, 17 ավագանի ներկա էր», - ասաց նա։
Այսօր Սարամեջից ստացվող տեղեկությունները հուսադրող չէին։ Համայնքապետի այցից հետո կրքերն ավելի են թեժացել։