Սպիտակի ավագանու իշխող խմբակցության ղեկավարը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իր պնդմամբ, կուսակիցների հետ ունեցած հակասությունների պատճառով։ Համլետ Մազմանյանը, որ նաև «Քաղաքացիական պայմանագրի» տեղի կառույցի ղեկավարն էր 2016-ից, ասում է՝ խնդիրներ է առաջ քաշել, որոնք չեն ընդունվել կուսակցության կողմից, փոխարենն ընդունվել է կուսակցությունից դուրս գալու իր դիմումը։
«Որոշում է կայացվել, որ՝ այո, իմ բարձրաձայնած խնդիրները հակասում են կուսակցության ուղուն, այդ պատճառով այլևս կուսակցական չեմ, շարունակելու եմ իմ գործունեությունը անկուսակցական դիրքերից, մանդատս վայր չեմ դնելու», - ասաց Մազմանյանը:
Իշխող կուսակցության տեղի կառույցում կրքերը շիկացած են դեռ անցած տարվանից։ 4 ամիս շարունակ ավագանին չէր կարողանում նիստեր գումարել հենց իշխող կուսակցության անդամների բոյկոտի պատճառով։ Խմբակցության ղեկավարն ու ևս մի քանի համախոհներ ասում են՝ իրենց կուսակից համայնքապետը երբևէ չէր լսում իրենց կարծիքը, առաջարկները հաշվի չէր առնում, ու հարցերը չէին քննարկվում խմբակցության ներսում` նախքան քվեարկությունը։
«Արտահերթով հարցեր էին գալիս հողակտորների օտարման մասով, տեղյակ չէինք, իմանում էինք նիստերից 24 ժամ առաջ, ոչ բոլորն էի ուզում, որ այդ հողերը օտարվեին, հիմա արդեն ես կոնկրետ կարամ ավելի բարձր խոսամ էդ մասով, ավելի հանրային խոսամ», - նշեց Մազմանյանը:
Սպիտակի ավագանու ՔՊ-ական մյուս անդամները, որոնք նույնպես տարաձայնություններ ունեն համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի ու նրա կողմնակիցների հետ, «Ազատությանը» հարցազրույց տալուց հետո, ավելի ուշ խնդրեցին չհրապարակել այն։ Թեև հաստատում են՝ հնարավոր է առաջիկայում վայր դնեն մանդատները, բայցև ասում են, թե վախենում են հրապարակային խոսել։ Ճնշումներ կան համայնքի ղեկավարին դեմ գնացող կուսակցականների նկատմամբ, պնդում են։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հերքում է, թե ճնշումներ կան
Ինքը՝ համայնքի ՔՊ-ական ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն էլ հերքում է, թե ճնշումներ կան, առավել ևս տարաձայնություններ կուսակցության ներսում։
«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժողովրդավար իշխանություն է, ժողովրդավար կուսակցություն է, և մարդիկ կարողանում են իրենց տեսակետները, խնդիրները բարձրաձայնել, այնպես որ սա ես նորմալ եմ համարում, որևիցե ճգնաժամ չկա», - ասաց Խաչատրյանը:
Սպիտակի ավագանու վերջին նիստին ներկայացել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 18 անդամներից 10-ը, ընդդիմադիր «Իմ հզոր համայնիքի» 9 անդամից՝ 5-ը և Դաշնակցության միակ անդամը։ Քվորում կար, օրակարգում ներառված բոլոր երեք հարցերն ընդունվեցին միաձայն, առանց ելույթների, հարցերի ու քննարկման։
Ավագանու ՔՊ-ական անդամները, որ ներկայանում են նիստերին ու համայնքի ղեկավարի կողմնակիցներն են, հրաժարվեցին մեկնաբանել խմբակցության ներսում եղած պառակտումները։ Հայկ Սիսակյանն ասաց՝ չի մասնակցում բոյկոտներին, դժգոհելու առիթներ էլ՝ չունի։
«Ես չեմ մասնակցում էդ գործընթացներին, ես իմ գործը պարտաճանաչ անում եմ, դիմեք իրենց, պատկան մարմիններ կան դրանով զբաղվող, թող զբաղվեն, ես հասարակ ավագանու անդամ եմ», - ընդգծեց Սիսակյանը:
Ալվարդ Համբարյանն էլ պնդեց, թե անգամ տեղյակ չէ՝ ինչից են դժգոհ մյուսները, հարցը երբևէ չեն քննարկել խմբակցությունում։
Սպիտակի ավագանու հաջորդ նիստը նախատեսված է երեք օրից։ Օրակարգում ներառված 14 հարցերից 12-ը համայնքին պատկանող հողատարածքներն անհատույց օգտագործման, վարձակալության տալու կամ վաճառքի մասին է։