Քննչական կոմիտեի Սպիտակի բաժնի պետ Մացակ Փանոսյանն ազատվել է աշխատանքից։ Լոռիում լուրեր են տարածվել, որ Փանոսյանի պաշտոնից ազատվելը կապ ունի Սպիտակի համայնքապետի որդուն առնչվող քրեական վարույթի հետ։
Մոտ մեկ ամիս առաջ համայնքի ղեկավարի որդին՝ Գոռ Նիկողոսյանը, ներկայացել էր իրավապահներին ու խոստովանել, թե ինքն է ծեծել նույն համայնքի մաս կազմող Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավարի ամուսնուն, մինչդեռ երկու օր անց նրան ազատ արձակեցին ու մինչև օրս այս գործով մեղադրյալ չկա։
Քննչական կոմիտեից հաստատեցին՝ Սպիտակի բաժնի ղեկավարը ոչ միայն պաշտոնից է ազատվել, այլև իրավապահ համակարգից է դուրս եկել համայնքապետի որդուն առնչվող դեպքից հետո, բայց նշում են, թե իր դիմումի համաձայն է հեռացել ու, որ կապ չկա ծեծի գործով քրեական վարույթի հետ։
Ինչ վերաբերում է վարույթին, ապա «նախաքննությունը շարունակվում է, տուժող Էդգար Հովհաննիսյանի առնչությամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակված, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել»։ «Այն էական նշանակություն կունենա արարքներին իրավական գնահատական տալու համար», - հայտնում են Քննչականից։
Մեկ ամիս առաջ Սպիտակ քաղաքում էր տեղի ունեցել ծեծի դեպքը։ Ավելի վաղ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը Սարամեջի վարչական ղեկավարից պահանջել էր աշխատանքից հեռանալու դիմում գրել՝ դժգոհելով, թե գյուղացիները հաճախ են իր դուռը ծեծում՝ տարբեր խնդիրներով։ Սա տարաձայնությունների տեղիք էր տվել Լոռիում։ Անգամ հարցը բարձրացվեց Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փորձագետ Վարդինե Գրիգորյանն անընդունելի համարեց դեպքն ու շեշտեց՝ այն տեղի է ունեցել զուտ այն պատճառով, որ վարչական ղեկավարը բնակիչներին թույլատրել է գյուղի խնդիրների մասին բողոքով գնալ համայնքապետարան։
«Էական է այն, որ փաստացի ընտանեկան ինչ-որ ռազբորկաների մակարդակի կարելի է հասցնել ու ստեղծել համայնքում սեփական գերակայության այնպիսի տպավորություն, որը համոզված եմ, որ չի բխում կուսակցության ընդհանուր քաղաքականությունից, բայց իհարկե տեղական մակարդակում մեկնաբանվում է որպես այդպիսին», - ասաց Գրիգորյանը:
Խնդիրն ինստիտուցիոնալ է, այսպես արձագանքեց երկրի ղեկավարը. - «Ասում են, որ Սպիտակի համայնքի ղեկավարի որդին կամ էսինչի որդին, դա արդեն ինստիտուցիոնալ պրոբլեմ է, որովհետև կա մարդ, կա օրենք, էդ հարաբերությունը տենց է կարգավորվում, ինչ կապ ունի՝ ում որդին է, ում բարեկամն է, ում հորեղբոր տղան է»:
Սպիտակում ավելի քան մեկ տարի իշխող կուսակցության ներսում խմորումներ կան
Սպիտակում ավելի քան մեկ տարի իշխող կուսակցության ներսում խմորումներ կան։ շաբաթներ առաջ տեղի ունեցած ֆորումին փորձագետը վարչապետի ներկայությամբ նաև հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացվել է Սպիտակի տարածքային կառույցի ղեկավարը։ Վարչապետն ասաց՝ կոմպետենտության հարց են լուծել. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղի կառույցի 5 տարվա ղեկավարն, ըստ նրա, չի համապատասխանել, հեռացրել են։
Վարդինե Գրիգորյանը հակադարձեց. - «Խմբակցության ղեկավարին, որը նաև Սպիտակի տարածքային գրասենյակի նախագահն է արդեն մի քանի տարի, հեռացրել են կուսակցությունից, այսինքն, ասել, որ նա կոմպետենտ կուսակցական չէր, միաժամանակ երբ նա տարիներ շարունակ կուսակցության կառույցի ղեկավարն էր, կարծում եմ, այդքան էլ տեղին չի: Ենթադրում եմ, որ կային այլ հարցեր»:
Կուսակցությունից ամիսներ առաջ հեռացված Համլետ Մազմանյանն ու նրա մի քանի կուսակիցներ գրեթե մեկ տարի բոյկոտում են ավագանու նիստերը։ Երկու օր առաջ՝ տրանսպորտի հարցի քննարկման ժամանակ էին միայն նրանք ներկայացել, ինչն անակնկալ էր նաև համայնքապետի ու նրա համախոհների համար։ Հենց բոյկոտից վերադարձած ՔՊ-ականների շնորհիվ քվորում ապահովվեց ու հնարավոր եղավ հանրային տրանսպորտի հարցով ուղերձ հղել կառավարությանը, ինչին փաստացի դեմ էր տեղի իշխանությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված ավագանու անդամ Համլետ Մազմանյանը հրաժարվեց հստակեցնել՝ կշարունակի՞ բոյկոտը, թե՞ կներկայանա նիստերին նաև առաջիկայում։
«Ես չէի կարա բնակիչների բարձրաձայնած խնդիրներին չարձագանքեի ու չներկայանայի այս նիստին», - ասաց Մազմանյանը:
Ավելի վաղ տեղի իշխանությունների հետ տարաձայնություններ ունեցող ՔՊ-ականները հայտարարել էին, թե ավագանու նիստերին իրենց համար անընդունելի հարցեր են դրվում քվեարկության, համայնքի իրենց կուսակից ղեկավարը կարծիքների բախում չի հանդուրժում։ Նշել էին, թե իրենց նկատմամբ անձնական սպառնալիքներ են եղել, որով համայնքի իշխանությունները փորձել են լռեցնել իրենց։