Մատչելիության հղումներ

Սպիտակի վարչական ղեկավարները քննադատեցին բնակիչներին տրանսպորտի հարցով ստորագրահավաքի համար


«21 բնակավայր միավորող Սպիտակի իշխանությունները նախընտրում են այնպիսի բնակիչներ ունենալ, որոնք կլռեն ու երբեք որևէ խնդիր չեն բարձրաձայնի»,- համոզված է սպիտակցի Անուշիկ Պետրոսյանը։

Նա այստեղ ստեղծված նախաձեռնող խմբի անդամ է, որ երկու ամիս բնակիչներից ստորագրություններ էր հավաքում համայնքի միջգյուղական տրանսպորտի հարցն ավագանու օրակարգում ներառելու պահանջով։ Մինչ այդ տարբեր պետական ատյաններում սպիտակցիներն արդյունքի չէին հասել։ Պետրոսյանն ասում է՝ խոչընդոտների են հանդիպել իշխանություններին ուղղված դիմումի տակ մոտ 500 ստորագրություն հավաքելիս։

«Իրականում երբ մենք ստորագրությունները հավաքեցինք, սկսեցին տարբեր բնակավայրերի վարչական ղեկավարների մոտ հարցեր առաջանալ, թե այդ ինչպես եղավ, որ բնակիչները որոշեցին այդ խնդրի մասին բարձրաձայնել, կամ ով է իրենց թույլ տվել առանց հարցնելու դրա մասին խոսել, ինչն է իրենց դրդել իրենց խնդրի մասին բարձրաձայնելու», - «Ազատությանն» ասաց նա։

Տրանսպորտի խնդիրներով մտահոգված մոտ 500 բնակիչների գրությունը համայնքի իշխանություններին հասնելուց հետո Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը համայնքապետարան էր կանչել ոչ թե ավագանու անդամներին, այլ բնակավայրերի վարչական ղեկավարներին, որոնք ձեռքից ձեռք էին փոխանցում ու ստորագրությունների մեջ հաշվում իրենց գյուղի բնակիչների անունները։ Նրանցից որևէ մեկը չարդարացրեց կարևոր խնդիր բարձրացրած բնակիչներին։ Ավելին, քննադատեցին՝ ինչպես են իրենց թույլ տվել ստորագրել մի գրության տակ, որտեղ ասված է, թե «ֆինանսներ գտնելու համար պետք է գնահատել համայնքում որոշ սուբվենցիոն ծրագրերի նպատակահարմարությունը և ծախսերի արդյունավետությունը»։

«Սուբվենցիոն ծրագիր չլինի, տրանսպորտը լինի, ես դա մի քիչ ոչ տրամաբանական եմ համարում», - ասաց Մեծ Պարնիի վարչական ղեկավար Գոռ Աշուղաթոյանը։

«Ու այդ բեռը նենց բեռ ա, որ պետք է էնքան եկամուտ մնա, ազատ միջոց ունենա, որ կարողանաս տրանսպորտը պահես, բայց բեռի տակից պիտի դուրս գաս, դու չես կարա այդ բեռը պահես», - հավելեց Սպիտակի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վարուժան Ապրեսյանը։

Գոգարանի վարչական ղեկավար Վոլոդյա Հալաջյանն անհանգիստ էր՝ ստորագրահավաքին մասնակցած գոգարանցիների թիվը մեծ էր՝ նկատողություն էր ստացել։ Կարճ ժամանակով դուրս եկավ, ապա վերադարձավ արդարանալու. - «Ես մի քանիսին հենց նոր զանգահարեցի, այդ մարդիկ տեղեկացնում են, որ դա սուբվենցիաների հետ… ընդամենը եկել են, ասել են՝ ուսանողական տրանսպորտ ենք ուզում, եթե ուզում եք, ստորագրեք։ Ասում եմ՝ բա դուք չե՞ք կարդացել, որ տենց բան կա գրած գլխագրում, ասում է՝ չէ, կարող է գլխագիրը հետո են փոխել կամ չգիտեմ ինչ-որ բան, նշված չի եղել, մեզ էլ չեն տեղեկացրել, որ սուբվենցիաների հետ ինչ-որ կապ ունեցող։ Ասում եմ՝ դե գրված է, որ էս ինչ, էս ինչը, ասում են՝ մեզ ընդամենը ասել են՝ եթե ուզում եք տրանսպորտ ունենալ, ստորագրեք»։

Ստորագրահավաքը նախաձեռնող խմբի անդամ Անուշիկ Պետրոսյանն անհեթեթ է համարում մեղադրանքը, թե գրության տակ ստորագրողները չեն իմացել դրա բովանդակությունը։ Վստահ է՝ բնակիչները նման կերպ են պատասխանել՝ գլխացավանքից հեռու մնալու համար. - «Պատկերացրեք՝ ես միջին վիճակագրական քաղաքացի եմ, ով ստորագրել է մի թերթիկի տակ, որտեղ նշվում է, որ մենք տրանսպորտ չունենք, հանրային տրանսպորտ չի գործում և այլն, ու իրեն զանգում է վարչական ղեկավարը, ասում է՝ խի՞ ես դրա տակ ստորագրել, հարցրե՞լ ես ինձ, որ ստորագրես։ Այսինքն՝ բնակիչը մինչև որոշակի քայլերի դիմելը պետք է ինչ-որ մարդկանցից թույլտվություններ ստանա, հակառակ դեպքում իր հետ կարող է հաշվեհարդար տեսնեն»։

Սպիտակի համայնքապետը չի մեկնաբանում Սարամեջի վարչական ղեկավարի ամուսնուն ու իր որդուն վերագրվող միջադեպը

20 օր առաջ Սպիտակի բնակավայրերից մեկի՝ Սարամեջի վարչական ղեկավարն էր հայտարարել, թե իր վերադասը՝ Քաջայր Նիկողոսյանը, պահանջում է աշխատանքից ազատվելու դիմում գրել։ Դրա շուրջ գյուղում անգամ բողոքի ակցիա եղավ, դժգոհություններ հնչեցին։ Գործը հասավ ծեծկռտուքի։ Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի որդին երկու օրով ձերբակալվեց վարչական ղեկավարի ամուսնուն ծեծելու և վնասվածքներ հասցնելու համար։ Բայց այդպես էլ չկալանավորվեց, քննիչները նրան մեղադրանք չառաջադրեցին։ Այսօր էլ Քննչական կոմիտեից ասում են՝ դեռ նախաքննություն է ընթանում, վկաների են հարցաքննում։ Սարամեջցիներն այս դեպքում էլ պնդում էին, որ ծեծը տեղի է ունեցել գյուղի ղեկավարին ու տեղացիներին լռեցնելու նպատակով. - «Մեր ղեկավարը պահանջներ է ներկայացնում, այդ պահանջների հիման վրա ուզում են վախեցնել աչքները, ուրիշ ոչ մի բան չկա։ Հիմա կարող է ես էլ իջնեմ շոշի վրա, ինձ էլ բռնեն, տփեն, ասեն՝ խի՞ ես դա ասել»։

Սպիտակ համայքի ղեկավարն այս թեման ևս անհարկի է համարում և հրաժարվում մեկնաբանել։

«Քաղաքացիական պայմանագրի» անդամ Քաջայր Նիկողոսյանը երկու տարի առաջ՝ Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնն ստանձնելուց հետո, հենց իր կուսակիցների կողմից մեղադրվել է ազատ խոսքը լռեցնելու, կարծիքների բախում թույլ չտալու և ոչ թափանցիկ աշխատանքի համար։ Ի սկզբանե Սպիտակի ավագանու իշխանական թևը պառակտված է, մի մասը մշտապես բոյկոտել է աշխատանքները՝ համարելով, որ անհնար է գործող ղեկավարի հետ աշխատել։ «Ազատությանը» դեռ մեկ տարի առաջ որոշ ՔՊ-ականներ համայնքի ղեկավարին քննադատող հարցազրույցներ են տվել, բայց հետո խնդրել չհրապարակել դրանք, պատճառաբանել են, թե սպառնալիքներ են ստացել իշխանություններից։ Իշխանականները կտրուկ հերքում են այս պնդումները։

XS
SM
MD
LG