Նախօրեին Սերբիայի և Կոսովոյի միջև տեղի է ունեցել հերթական վտանգավոր միջադեպը, որի վերաբերյալ կողմերն իրարամերժ պարզաբանումներ են տալիս՝ սերբ զինծառայողները Գնյիլիցա գյուղի մոտ ձերբակալել են Կոսովոյից երեք ալբանացի ոստիկանների:
Այդ մասին հայտնել է Սերբիայի ներքին գործերի նախարարության պետական քարտուղար Ժելկո Բրկիչը:
«Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար շրջանի մոտ՝ Սերբիայի տարածքի խորքում, ձերբակալվել են այսպես կոչված Կոսովոյի ոստիկանության երեք ծառայողներ՝ բոլորը մինչև ատամները զինված, մոտները քարտեզներ և տարբեր սարքավորումներ», - ասել է պաշտոնյան:
Սերբերը չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը և այդ երկրամասը սկզբունքորեն շարունակում են անվանել «Սերբիայի Հանրապետության Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար շրջան»:
Կոսովոյի ալբանացի վարչապետ Ալբին Կուրտին էլ պնդել է, որ սերբերը երեք ոստիկաններին ձերբակալել են հենց Կոսովոյի տարածքում, և պահանջել է անհապաղ ազատ արձակել նրանց: Միջադեպը կարող է է՛լ ավելի սրել հարաբերությունները:
Կոսովոյի սերբաբնակ շրջաններից Միտրովիցեում վերստին իրավիճակն անհանգիստ է: Հունիսի 13-ին Կոսովոյի ոստիկանները ձերբակալել են տեղացի սերբ ակտիվիստներից «Լունե» մականունով Միլուն Միլենկովիչին, ով քիքբոքսինգի մարզիչ է:
Կոսովոյի ներքին գործերի նախարարության պնդմամբ, Միլենկովիչն է կազմակերպել ՆԱՏՕ-ի խաղաղապահների վրա սերբերի հարձակումները: Սերբերը նրա ձերբակալմանն արձագանքել են բողոքի ցույցերով:
«Լունե, դու սե՛րբ ես», «Կոսովոն՝ Սերբիա է», «Ազատե՛ք մեր մարզչին»»,- վանկարկել են տեղացի սերբերը:
«Նա սոսկ մարզիչ չէր, նա ծնող էր: Նա մեզ իր երեխաների նման է պահել, մենք նրանով հպարտանում ենք», - ասել է քիքբոքսինգի ակումբի անդամ Մագդալենա Լուկովիչը:
Մոտ 2 հազար սերբեր են մասնակցել բողոքի ցույցին, նրանցից ոչ հեռու տեղակայված ՆԱՏՕ-ի խաղաղապահները հետևել են ակցիային, սակայն չեն միջամտել:
Մինչդեռ Կոսովոյի ալբանացի ղեկավարները տեղացի սերբերին կոչ են անում ճանաչել Կոսովոյի իշխանությունը:
Սերբերն ի նշան բողոքի հրաժարվել են ապրիլին մասնակցել ՏԻՄ ընտրություններին, և այդ բոյկոտի հետևանքով սերբաբնակ հյուսիսային շրջաններում փոքրամասնություն կազմող ալբանացիներն ընտրվել են տեղական վարչություններ:
Դրան հաջորդել են ցույցեր և ընդհարումներ: Սերբերը վրդովվել են, թե ինչու պետք է ենթարկվեն ալբանացիներին, որոնց չեն ընտրել:
Կոսովոյի ալբանական ղեկավարությունը կարծես հենց դրան է սպասել և պատասխանել է, թե «շատ լավ, եկեք նորից անցկացնենք ՏԻՄ ընտրությունները՝ պայմանով, որ սերբերը մասնակցեն և իրենց ազատ կամքով սերբերի շարքերից ընտրեն տեղական պաշտոնյաներին»:
«Կոսովոյի Հանրապետության կառավարությունը պատրաստ է համակարգված աշխատել բոլոր կողմերի հետ և հյուսիսային չորս շրջաներում անցկացնել տեղական իշխանության մարմինների նոր՝ ազատ, դեմոկրատական ընտրություններ, անկաշկանդ և ազատական մթնոլորտում», - ասել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին:
Ալբանացիներին այդ հարցում սատարում է «հնգյակը»՝ Միացյալ Նահանգները, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան:
«Հնգյակը» Կոսովոյի ալբանական ղեկավարությանը կոչ է անում սահմանափակել ալբանացի ոստիկանների թիվը սերբաբնակ շրջաններում և իրականացնել 2013-ի պայմանավորվածությունը երկրի հյուսիսում ինքնավար սերբական մունիցիպալիտետների ասոցիացիա ստեղծելու մասին: