Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր քննադատել է Կոսովոյի իշխանություններին՝ նրանց մեղադրելով վերջին օրերին մասնակիորեն ճանաչված հանրապետության հյուսիսում իրադրության սրման համար։
«Մենք հստակ ազդակներ էինք ուղարկել Կոսովոյի իշխանություններին, որ գրեթե լիակատար բոյկոտի պայմաններում [սերբական բնակավայրերում] ընտրությունների անցկացումը սխալ էր», - հայտարարել է Մակրոնը։
Իրավիճակը Կոսովոյի հյուսիսում սրվել է այն բանից հետո, երբ տեղական ոստիկանությունը վերահսկողություն է սահմանել սերբերով բնակեցված Զվեչան, Զուբին Պոտոկ և Լեպոսավիչի բնակավայրերի վարչակազմերի հանդեպ՝ ազգությամբ ալբանացի քաղաքապետերի պաշտոնավարումն ապահովելու համար։ Այդ պաշտոնյաները քաղաքապետ էին դարձել սերբերի կողմից ընտրությունների համընդհանուր բոյկոտի պայմաններում՝ ընդամենը մի քանի հարյուր ձայն ստանալով։