Սերբիայի կողմից չճանաչված Կոսովոյում՝ Զվեչան և Լեպոսավիչ ավաններում տեղի է ունեցել բախում վարչական շենքերը պաշտպանող ՆԱՏՕ-ի խաղաղապահների և տեղացի սերբերի միջև:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Լեպոսավիչում սերբերը փորձել են ներխուժել տեղական վարչակազմի շենք և արցունքաբեր գազով պայթուցիկներ ու ձայնային նռնակներ են նետել այն պաշտպանող ՆԱՏՕ-ի զինծառայողների վրա:
Զվեչանում էլ Կոսովոյի ալբանացիներից կազմված ոստիկանների ջոկատն է արցունքաբեր գազով հետ մղել փշալարով պատված տեղի քաղաքապետարանի վրա հարձակված սերբերին:
Զվեչանում սերբերը նաև ՆԱՏՕ-ի զրահամեքենաների վրա ներկով գրել են Z տառը, որը համարվում է Ուկրաինա ներխուժած ռուսական ուժերի խորհրդանիշը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նախօրեին բանակի բարձր պատրաստության հրահանգ է արձակել և հրամայել է սերբական ստորաբաժանումներին շարժվել դեպի Կոսովոյի հետ սահման:
Կոսովոյում բնակիչների 90 տոկոսն ազգությամբ ալբանացիներ են, սակայն հյուսիսային հատվածում մեծամասնությունը սերբեր են: Նրանք չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը և իրենց մայրաքաղաքը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադն են համարում:
Սերբերը հրաժարվել են ապրիլին մասնակցել տեղական իշխանության մարմինների ընտրություններին, ինչի հետևանքով իշխանությունը հիմնականում սերբերով բնակեցված Կոսովոյի հյուսիսային շրջանի ավաններում անցել է ալբանացիներին:
Սերբերն այժմ պահանջում են աշխատանքից ազատել տեղական իշխանությունների ալբանացի պաշտոնյաներին և վերականգնել Բելգրադի կողմից ֆինանսավորվող տեղական սերբական վարչակազմերի աշխատանքը:
Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հեռուստատեսությամբ հայտարարել է, թե «հիմնականում սերբերով բնակեցված ավաններում չեն կարող քաղաքապետեր աշխատել նրանք, ովքեր չեն ընտրվել սերբերի կողմից»: