Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն աճել է․ քաղաքագետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն աճել է, կարծում է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը։

Վերջին օրերին թե՛ Երևանը, թե՛ Ստեփանակերտը գրեթե ամեն օր հաղորդում են ադրբեջանական կրակոցների մասին: Երեկ էլ պաշտոնական Երևանն ու Բաքուն հայտարարություններ են փոխանակել:

Հայաստանի արտգործնախարարությունը, վկայակոչելով հրադադարի խախտումների փաստերը, հայտարարել է, թե առկա են լրջագույն մտահոգություններ, որ Բաքուն հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների համար:

Բաքվից արձագանել են, թե Երևանը ռազմական սադրանքի պատասխանատվությունն իրենց վրա է բարդում և կոչ են արել «հայկական զինված կազմավորումները անհապաղ դուրս բերել Ադրբեջանի տարածքից»:

«Միանշանակ է, որ լարվածությունն աճել է, միանշանակ է, որ Ադրբեջանը հերթական անգամ դիմելով ուժի կամ ուժի սպառնալիքի, փորձում է իր քաղաքական նպատակներն իրականացնել։ Քաղաքական նպատակն այս պահին հստակ ձևակերպված է, դա՝ Պաշտպանության բանակի լուծարումն է կամ վերակազմավորումն է որևէ այլ միավորի, և դրան հասնելու համար Ադրբեջանը, այո՛, պատրաստ է նաև դիմելու ուժային գործողությունների, բռնությունների։ Ամբողջ հարցը հիմա հետևյալն է՝ Հայաստանն այս անցնող երկու-երկուսուկես տարիները օգտագործե՞լ է բավականաչափ իր պաշտպանական կարողությունները վերականգնելու և ինքնապաշտպանական քաղաքական, ռազմաքաղաքական և ռազմական միջոցներ ձևավորելու համար։ Եթե չի ձևավորել, ուրեմն մենք կտեսնենք հերթական անգամ մի իրավիճակ, երբ Հայաստանը՝ բախվելով ուժային գործողությունների, ստիպված է լինելու գնալ զիջումների», - ասաց Քոչինյանը։

Այս ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի հետ նաև միջանցքի հարցն է ակտիվորեն բարձրացնում: Թուրքիայի նախագահ վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջին արտասահմանյան այցը կատարել է հենց Ադրբեջան, Բաքվում, ըստ Ալիևի, դարձյալ վերահաստատել են իրենց տեսակետը, որ «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև. «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ինքնիշխան տարածքին «միջանցքի» ձևով հղում տալը ՀՀ նկատմամբ տարածքային պահանջների դրսևորում է. փոխարտգործնախարար

Ըստ Քոչինյանի՝ Թուրքիայի նախագահը վերընտրվելուց հետո վերահաստատում է նաև իր լիակատար աջակցությունը Բաքվին:

«Ես, ճիշտն ասած, կկապեի Էրդողանի այցը Բաքու և Ադրբեջանի կողմից վաշինգտոնյան բանակցությունների հետաձգումը։ Ըստ էության, Թուրքիան նորից իր ամբողջական աջակցությունն է հայտնում Ադրբեջանին։ Թուրքական այս աջակցությունն ու ներդաշնակեցումն էլ ևս մեկ հարց է բարձրացնում, դա միջանցքային տրամաբանությունն է, բայց եթե միջանցքային տրամաբանության մեջ, ես կարծում եմ, դեռ ինչ-որ կոմպրոմիսային տարբերակներ հնարավոր են և, կարծես թե, ինչ-որ առաջընթաց, համենայն դեպս, բանակցությունների ընթացքում կա, ապա Պաշտպանության բանակի հետ կապված խնդիրը շատ ավելի խորն է և խնդիրը շատ ավելի հիմնարար է, որովհետև շատ մեծ մտավախություն ունեմ, որ եթե Պաշտպանության բանակը ցրվի, իրապես կսկսվի շատ լուրջ արտագաղթ Արցախից», - ասաց քաղաքագետը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ վաշինգտոնյան բանակցությունների հետաձգման պատճառը Էրդողանի այցն է Բաքու