Մատչելիության հղումներ

Երևանը հայտնում է՝ Ադրբեջանը նորից կրակել է հայկական դիրքերի վրա, Բաքուն հերքում է


Ադրբեջանը նորից կրակել է հայկական դիրքերի վրա. Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ այսօր ժամը 14։00-ի սահմաններում ադրբեջանական ուժերը Սոթքի հայկական դիրքերը թիրախավորել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերով և ականանետով։ Հայկական կողմում տուժածներ չկան։

Բաքուն արդեն հերքել է կրակոցների մասին հայտարարությունը։

Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը «Ազատությանը» փոխանցեց՝ գյուղում այժմ հանգիստ է, այսօր դիրքերում եղած կրակոցները չեն լսել: Խաչատրյանն ասում է ՝ Սոթքը չնայած կրակոցներին բնականոն կյանքով է ապրում, հիմա էլ գյուղատնտեսական ակտիվ աշխատանքների շրջանն է. - «Հենց էս պահին էլ իմ աչքի առաջ ցանքս են կատարում»:

Սոթքի ուղղությամբ հաճախակի կրակոցների պատճառով ապրիլի 15-ից դադարեցված են աշխատանքները ոսկու հանքի բաց մասում։ Ադրբեջանական կրակոցների մասին վերջին շրջանում թե՛ Երևանը, թե՛ Ստեփանակերտը հաղորդում են գրեթե ամեն օր։ Բաքուն էլ իր հերթին հայկական կողմերին է մեղադրում կրակոցների համար։ Ընդհանուր առմամբ՝ Երևանն ու Ստեփանակերտը նախորդ շաբաթվա ընթացքում 14 անգամ հաղորդել են սահմանային միջադեպերի մասին։

Միջազգային հանրությունը պետք է ավելի հստակ արձագանքի Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ու ռազմատենչ հռետորաբանությանը, երեկ «Ազատության» եթերում կարծիք հայտնեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:

«Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը գետնի վրա մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղում հատկապես իրավիճակը շարունակում է սրվել: Հայտարարվեց, որ ականանետեր են կիրառվել, մի խոսքով, Ալիևը կարծում եմ, շատ քիչ խոչընդոտներ է տեսնում՝ իր նպատակներին գետնի վրա հասնելու՝ ուժի կիրառման միջոցով», - նշեց Գրիգորյանը:

Սահմանային գրեթե ամենօրյա կրակոցների ֆոնին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն օրերս իր ենթականերին հրահանգել է՝ «ցանկացած պահի պատրաստ լինել առանց հապաղման և վճռականորեն կանխել հակառակորդի հնարավոր սադրանքները»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG