Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Լիոնել Մեսսին ներդրումային սեփական ընկերություն ունի, որի կառավարումը նա վստահել է հայազգի գործարար Ռազմիկ Հովագիմյանին։
Ըստ Bloomberg-ի տեղեկությունների՝ Play time ընկերությունը Մեսսին հիմնել է 2022 թվականին՝ սպորտում, տեխնոլոգիական և մեդիա ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու համար։
Ռազմիկ Հովագիմյանը ծնվել է Կահիրեում՝ հայկական ընտանիքում, 16 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ սովորել է ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Բերկլիի համալսարանում՝ քաղաքական տնտեսություն և գործարար վարչարարություն մասնագիտությամբ։
Հովագիմյանը Viki հոսքային օնլայն վիդեո միջազգային կայքի համահիմնադիրն է և գլխավոր տնօրենը։ Նա համագործակցել է նաև ճապոնական Rakuten էլեկտրոնային կոմերցիոն ընկերության հետ, տնօրենների խորհրդի դիտորդ է և գլոբալ տեղեկատվության բովանդակության հարցերով ավագ գործադիր տնօրեն։
Rakuten-ը Բարսելոնա ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորներից մեկն է։
Ռազմիկ Հովագիմյանն անցած տարի հանդես էր եկել հայտարարությամբ, ուր նշված է․ - «Այն պահից, երբ 2017-ին ես հանդիպեցի Լեոյին և Մեսսիի ընտանիքին, պարզ էր, որ ապագայի հանդեպ նրանց տեսլականը համարձակ է․ նրանք ցանկանում են շարունակել անմիջական և տևական ազդեցություն ունենալ խաղադաշտում և դրանից դուրս»։
Play time ընկերությունը գրանցված է Սան Ֆրանցիսկոյում։
«Ես ոգևորված եմ մեր արմատները սիլիկոնյան հովտում ձգելու համար և շատ ուրախ եմ, որ Play time-ը կհամագործակցի համարձակ գործարարների հետ ամբողջ աշխարհից», - հայտարարել էր Մեսսին՝ առանց նշելու, թե որքան գումար է ներդրվում։
Bloomberg-ն այս մասին գրել էր դեռ 2022-ի աշնանը։
Անցած տարիներին Ռազմիկ Հովագիմյանը մի շարք հարցազրույցներ է տվել՝ պարզաբանելու իր բիզնեսի ուղղությունները և առանձնահատկությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիոնել Մեսսին մարզական կարիերան կշարունակի Միացյալ Նահագներում