Փարիզի Paris St Germain ֆուտբոլային ակումբի մարզիչ Կրիստոֆ Գալտյեն այսօր պաշտոնապես հայտնել է, որ աշխարհի չեմպիոն, արգենտինացի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսին այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից:
«Պատիվ ունեցա մարզել ֆուտբոլի պատմության ընթացքում լավագույն խաղացողին: Հունիսի 3-ին Parc des Princes մարզադաշտում Clermont-ի դեմ խաղը Մեսսիի համար կլինի վերջինը Paris St Germain-ի կազմում: Հուսամ, նրան շատ ջերմ կընդունեն», - ասել է Գալտյեն:
Այս տարվա ընթացքում ֆրանսիական Առաջին լիգայի 31 խաղերում 35-ամյա Մեսսին 16 գոլ է խփել և 16 գոլային փոխանցում է կատարել: Paris St Germain ակումբն արդեն շահել է Ֆրանսիայի չեմպիոնի հերթական տիտղոսը:
Առայժմ հայտնի չէ, թե որ ակումբում կարիերան կշարունակի արգենտինացի գերաստղը: Շրջանառվող տարաբնույթ վարկածների համաձայն, նա կարող է վերադառնալ «Բարսելոնա», տեղափոխվել Անգլիա կամ Միացյալ Նահանգներ:
Չի բացառվում նաև, որ 7 անգամ Ոսկե գնդակը (Ballon d'Or) վաստակած մարզիկը կարող է հետևել իր հավերժ մրցակից պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին և հսկայական գումարով պայմանագիր կնքել Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկի հետ: