Մատչելիության հղումներ

Արգենտինան հինգերորդ անգամ դուրս եկավ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ


Մեսսին տոնում է խորվաթների դարպասի գրավումը, «Լուսայիլի» մարզադաշտ, Լուսայիլ, 13-ը դեկտեմբերի, 2022թ.
Մեսսին տոնում է խորվաթների դարպասի գրավումը, «Լուսայիլի» մարզադաշտ, Լուսայիլ, 13-ը դեկտեմբերի, 2022թ.

Քաթարում «Լուսայիլի» մարզադաշտում դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին կիսաեզրափակիչը՝ Արգենտինա-Խորվաթիա:

32-րդ րոպեին արգենտինացիները ստացան 11-մետրանոցի իրավունք, և Լիոնել Մեսսին խփեց աշխարհի առաջնություններում իր 11-ր գոլը: Դա հավաքականի ռեկորդ է:

38-րդ րոպեին Խուլիան Ալվարեսը հաշիվը դարձրեց 2-0: Հանդիպման երկրորդ խաղակեսի 69-րդ րոպեին Մեսսիի փոխանցումից հետո Ալվարեսը խփեց իր երկրորդ և թիմի երրորդ գոլը:

Այսպիսով, կիսաեզրափակիչում Արգենտինան 3-0 հաշվով հաղթեց Խորվաթիային:

Քաթարում Մեսսին դեկտեմբերի 13-ի դրությամբ խփել է 5 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում:

2018 թվականի առաջնության արծաթե մեդալակիր Խորվաթիայի հավաքականը Քաթարում ընդգրկված էր F խմբում: Մրցաշարի բացահայտում համարվող Մարոկկոյի հետ խաղն ավարտվել է 0-0: Խորվաթիան Կանադային հաղթել է 4-1: Բելգիայի հետ խաղում գոլազուրկ ոչ ոքիից հետո խորվաթները F խմբում գրավել են երկրորդ տեղը:

Մեկ ութերորդ եզրափակիչում Ճապոնիայի հետ հաղն ավարտվել է 1-1, հետխաղային 11-մետրանոցներով հաղթել են խորվաթները՝ 3-1:

Քառորդ եզրափակիչում Բրազիլիայի հետ դրամատիկ խաղի արդյունքը վերստին վճռվել է 11-մետրանոցներով՝ հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1-1, և տուգանային «փոխհրաձգությունում» ավելի դիպուկ են գտնվել խորվաթները՝ 4-2:

Արգենտինայի ընտրանին Քաթարում հանդես է եկել C խմբում, և հենց առաջին խաղում ծնվել է մեծ սենսացիա՝ հարավամերիկյան թիմը 1-2 հաշվով զիջել է Սաուդյան Արաբիայի հավաքականին:

Այդ սառը ցնցուղը, թերևս, սթափեցնող դեր է կատարել, և մնացած բոլոր հանդիպումներում Մեսսիի թիմը հասել է հաջողության՝ Մեքսիկայի հետ՝ 2-0, Լեհաստանի հետ՝ 2-0:

C խմբում գրավելով առաջին տեղը, Արգենտինան մեկ ութերորդ եզրափակիչում Ավստրալիայի հետ խաղում հաղթել է 2-1:

Ապա քառորդ եզրափակիչում Նիդերլանդների հետ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 , և 11-մետրանոցներով արգենտինացիները հաղթել են 4-3 հաշվով:

Մինչև Քաթարի առաջնությունը երկու թիմերը խաղացել են 5 անգամ, արդյունքը հավասար է՝ 2-ական հաղթանակ, մեկ ոչ-ոքի:

Արգենտինայի ընտրանին 1978 և 1986 թվականներին դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, իսկ 1990 և 2014 թվականներին արծաթ է շահել:

Դեկտեմբերի 14-ին տեղի կունենա երկրորդ կիսաեզրափակիչը՝ Ֆրանսիա-Մարոկկո: Այդ հանդիպման հաղթողը կիրակի օրն աշխարհի գավաթի համար կպայքարի Արգենտինայի հետ:

Պարտված թիմը շաբաթ օրը բրոնզե մեդալների համար կխաղա Խորվաթիայի ընտրանու հետ:

XS
SM
MD
LG