Երեկ երեկոյան Փարիզում կայացավ ՖԻՖԱ-ի 2022 թվականի մրցանակների շնորհման արարողությունը: Հաղթողները որոշվել են երկրպագուների, մարզական լրագրողների, աշխարհի երկրների ֆուտբոլի հավաքականների ավագների և գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքներով:
Տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Արգենտինայի հավաքականի ավագ, «Պարի Սեն-Ժերմեն»-ի հարձակվող, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին: Տարվա լավագույն կին ֆուտբոլիստի կոչմանն արժանացավ Իսպանիայի կանանց հավաքականի և «Բասելոնա»-ի կանանց թիմի խաղացող Ալեքսիա Պուտելլասը:
Տղամարդկանց թիմի լավագույն մարզիչ ճանաչվեց Արգենտինայի հավաքականի մարզիչ Լիոնել Սկալիոնին, կանանց թիմի լավագույն մարզիչ՝ Սարինա Վիգմանը:
Աշխարհի լավագույն տղամարդ և կին դարպասապահներ ճանաչվեցին Արգենտինայի հավաքականից և «Ասթոն Վիլլա» ակումբից Էմիլիանո Մարտինեսը, Անգլիայի կանանց հավաքականից և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կանանց թիմից Մերի Ըրփսը:
Արարողության ժամանակ այլ մրցանակներ ու պարգևներ ևս շնորհվեցին: