Selecao Canarinho-ի «եվրոպական անեծքը»
Աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը, որի անունն առնչվում է մարզաշապիկի գույնին՝ Selecao Canarinho («Վառ դեղին ընտրանի»), նորից չկարողացավ անցնել կիսաեզրափակիչ:
Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկ քառորդում Խորվաթիայի թիմի հետ խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 0-0:
Լրացուցիչ կես ժամն անցավ լարված պայքարում: 105+1 րոպեին գեղեցիկ անցումով ու նույնքան գեղեցիկ հարվածով Նեյմարը հաշիվը դարձրեց 1-0: Բրազիլական ֆուտբոլի երդվյալ երկրպագուները հավատացին, որ կիսաեզրափակիչ տանող դուռն այլևս չի փակվի:
Բայց տեղի ունեցավ քիչ սպասելին՝ 117-րդ րոպեին Բրունո Պետկովիչը հեռահար ցածր հարվածով հավասարեցրեց հաշիվը, և խորվաթները ոչ միայն փրկեցին վիճակն, այլև հոգեբանական առավելություն ստացան:
Հետխաղային 11-մետրանոցներով Խորվաթիան հաղթեց 4-2 և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Ի դեպ, այդ օրը Նեյմարը խփեց իր 77-րդ գոլը «Վառ դեղին ընտրանու» կազմում: Նա այդ ցուցանիշով հասավ Մեծն Պելեին, բայց արդյո՞ք կգերազանցի: Դժվար է ասել, քանի որ նա դեռ ամիսներ առաջ հայտնել է, որ Քաթարի առաջնությունից հետո կհեռանա հավաքականից:
Այսպիսով, հինգ առաջնություն շարունակ հենց եվրոպական ընտրանիներն են բրազիլացիների առաջ փակում չեմպիոնության համար պայքարելու դուռը, և այդ ֆենոմենը մարզական լրագրողներն անվանել են «բրազիլական անեծք»:
Մեսսին կրկնեց Բատիստուտայի ռեկորդը
Արգենտինա-Նիդերլանդներ: Եվ էլի 11-մետրանոցներ: Բայց դրան նախորդեց դրամատիկ 120 րոպե: Նախ Նոել Մոլինան 35-րդ րոպեին Լիոնել Մեսսիի ֆանտաստիկ նուրբ փոխանցումից հետո խփեց առաջին գոլը՝ 1-0:
Ապա արդեն ինքը լիդերը վստահ հարվածով իրացրեց արդար նշանակված 11-մետրանոցը:
Այդ գոլով Մեսսին կրկնեց արգենտինացի Գաբրիել Բատիստուտայի՝ աշխարհի առաջնություններում 10 խփած գոլերի ռեկորդը, և ինչո՞ւ չէ՝ հաջորդ խաղում կարող է առաջ անցնել:
2-0 հաշիվը մեկ քառորդում լուրջ հայտ է, բայց հոլանդացիները կամային թեժ պայքար տարան, ցույց տալով, որ մտադիր չեն հանձնվել: Վաուտ Վեգհորստը գոլ խփեց: Ապա 90+11 րոպեին նա հավասարեցրեց հաշիվը:
Թվաց, թե ինչպես օրվա առաջին խաղում հաշիվը հավասարեցրած հավաքականը հոգեբանական առավելություն կստանա: Լրացուցիչ ժամանակը ոչինչ չփոխեց: Հերթական անգամ Քաթարում արդյունքը պետք է վճռվեր հետխաղային 11-մետրանոցներով:
Արգենտինացիներն այդ «մենամարտում» հաղթեցին 4-2 հաշվով և անցան կիսաեզրափակիչ ու դեկտեմբերի 13-ին կպայքարեն Խորվաթիայի հետ:
Դեկտեմբերի 10-ին մեկ քառորդում տեղի կունենան Մարոկկո-Պորտուգալիա և Անգլիա-Ֆրանսիա հանդիպումները: