ԵՄ քաղաքացիական առաքելությունը պատրաստվում է նոր երեք լրացուցիչ դաշտային գրասենյակ բացել Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում, հայտարարել է առաքելության ղեկավար Մարկոս Ռիտերը՝ Մարտուինիում հունիսի 1-ին ընդունելով Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ԵՄ պատվիրակությանը։
Ներկայացնելով առաքելության գործունեությունը՝ Ռիտերը, մասնավորապես, նշել է, որ առաքելությունն իրականացրել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում գտնվող իր դաշտային գրասենյակներից:
«Ամեն շաբաթ պարեկներն անցնում են ավելի քան 3800 կմ տարածություն։ Առաքելությունը մեկնարկել է աննախադեպ արագությամբ՝ սկսելով իր գործողություններն այս փետրվարին», - երեկ տարածած հայտարարությունում ասել է Ռիտերը՝ շեշտելով՝ առաքելության նպատակն է հասնելու սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացմանը։
Վկայակոչելով Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները՝ Ռիտերը նկատել է՝ «առաքելությունը նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը, այնուամենայնիվ, իրավիճակը մնում է անկայուն»։
Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն է տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի վերջից։ Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայման երկու տարին «կարող է ճակատագրական լինել տարածաշրջանի համար»