Մատչելիության հղումներ

Հայաստան կժամանի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարարը


Մայիսի 22-23-ն այցով Հայաստանում կգտնվի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին:

Մայիսի 22-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լեո Դոքերթիի հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս, հայտնում են Արտգործնախարարությունից։

Դեսպանատունը հանդիպման օրակարգից որոշ մանրամասներ է հաղորդում՝ նշելով, որ սա նախարարի առաջին այցն է Հայաստան, նա կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայաստանի վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումների ընթացքում, ըստ դեսպանության, Դոքերթին կքննարկի անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև առևտրային կապերի խթանման հնարավորությունները, կհայտարարի Ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին, որը տեղի կունենա այս տարվա ընթացքում։

Դոքերթին Երևանում «կվերահաստատի ՄԹ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին, կոչ կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, կհորդորի երկու կողմերին շարունակել բովանդակային բանակցությունները՝ խաղաղ և կայուն կերպով լուծելու առկա խնդիրները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի փակումը, նաև կնշի, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ վերականգնելու ապրանքների և մարդկանց հոսքը Լեռնային Ղարաբաղ»։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր ազդեցությունն է ունենում հազարավոր մարդկանց վրա, ու թեպետ մենք հումանիտար աջակցություն ենք տրամադրում, այս հակամարտության կարգավորման միակ ճանապարհը երկու կողմերի շարունակական և բարեխիղճ կերպով ներգրավվածությունն է բանակցություններում», - այցին ընդառաջ հայտարարել է նախարարը՝ շեշտելով՝ Միացյալ Թագավորությունը հանձնառու է աջակցելու Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների օրակարգին:

«Հպարտ եմ, որ Միացյալ Թագավորությունը ֆինանսավորում է ազատությունների պաշտպանությանն ու բարեկեցության խթանմանը միտված ծրագրեր»,- ասել է Դոքերթին։

Նախարարը Երևանում անդիպումներ կունենա նաև Ազգային ժողովի պատգամավորների և էկոնոմիկայի նախարարի հետ։ Նա կզրուցի քաղաքացիական հասարակության և գործարար համայնքի, ներառյալ՝ բրիտանական կապեր ունեցող ընկերությունների ներկայացուցիչների հետ, կքննարկի ՄԹ-Հայաստան առևտրային կապերի ամրապնդման և երկու երկրների տնտեսական զարգացման հնարավորությունները։

Դեսպանությունը նշում է, որ 2022թ․ Միացյալ Թագավորությունը գրեթե 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ ծրագրեր է ֆինանսավորել՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացման օրակարգին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG