Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տևական ծանր ճգնաժամը, հատկապես ռուս-ուկրաինական արյունալի պատերազմի պայմաններում, հետզհետե խորանում է:
Երկու մայրաքաղաքներում ընդունում են, որ 1962 թվականի հոկտեմբերին ամբողջ աշխարհի ոչնչացմամբ սպառնացող «Կարիբյան ճգնաժամից» զատ երբեք այս աստիճանի լարվածություն չի եղել:
Ամերիկացիները շարունակում են պատժամիջոցներ սահմանել, ռուսները պատասխան քայլերի են դիմում, բայց անցած շաբաթ արձանագրվել է մի փոքրիկ դրական տեղաշարժ: Այն համեստ է և նախնական, սակայն կարևոր է ամբողջ մոլորակի համար:
Նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը խոսել է սպառազենի վերահսկողության հարցի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու պատրաստակամության մասին:
«ԱՄՆ-ին պետք չէ ավելացնել միջուկային սպառազենը հակառակորդների միացյալ միջուկային հզորությունը գերազանցելու և այդպես նրանց հաջողությամբ զսպելու համար: Ամերիկան պատրաստ է պահպանել միջուկային զենքի սահմանափակումը պայմանագրով, որի ժամկետը պետք է սպառվի 2026 թվականին՝ այնքան, որքան Ռուսաստանը պատրաստ կլինի դա անել»,- ասել է Սալիվանը:
Նրա խոսքով, ոչ ԱՄՆ-ի և ոչ էլ Ռուսաստանի շահերից չի բխում ռազմավարական նշանակության սպառազենի ասպարեզում ներքաշվել անվերջանալի մրցակցության մեջ:
«Եվ մեր բոլոր երկկողմ տարաձայնությունների կարգավորմանը սպասելու փոխարեն, Միացյալ Նահանգները պատրաստ է հիմա աշխատել Ռուսաստանի հետ միջուկային վտանգները կարգավորելու և 2026 թվականից հետո սպառազենի հսկողության շրջանակը ձևավորելու վրա»,- ասել է Սալիվանը:
Կրեմլում ողջունել են ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ուղերձը:
«Պարոն Սալիվանի հայտարարությունը կարևոր է և դրական: Իհարկե, մենք ակնկալում ենք, որ դա կամրապնդվի դիվանագիտական խողովակներով ստացվող կոնկրետ առաջարկներով: Եվ դրանից հետո մենք պատրաստ կլինենք քննարկել այդ հարցում երկխոսության ձևաչափը»,- երեկ ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն, ընդգծելով, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է երկխոսության:
«Մենք դա շատ կարևոր ենք համարում, բայց նախ պետք է հասկանալ, թե ինչ առաջարկներ են ստացվելու, մանավանդ, երբ հիմա մեր երկկողմ հարաբերություններում փոխվստահության այսպիսի չափազանց սուր դեֆիցիտ է»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Ջեյք Սալիվանը նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է սպառազենի հսկողության հարցի շուրջ առանց նախապայմանների բանակցել Մոսկվայի և Պեկինի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջո Բայդենը և Սի Ծինպինը հեռախոսով կքննարկեն Ուկրաինայի հարցը