«Մենք «Հյուսիսային հոսք» գազատարը չենք պայթեցրել», - հայտարարում են վաշինգտոնցի պաշտոնյաները՝ արձագանքելով ամերիկացի ամենահայտնի հետաքննող լրագրողներից մեկի՝ Սեյմուր Հերշի նախօրեին հրապարակված հոդվածին։
«Կատարելապես կեղծ և ամբողջությամբ մտացածին», - Reuters-ի հարցմանն այսպես է արձագանքել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Էդրիեն Ուոթսոնը։
Հենց իր՝ Հերշի հարցին ի պատասխան գրեթե նույնն է գրել Կենտրոնական հետախուզական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Թամի Թորփը՝ պնդելով, թե «Հյուսիսային հոսքի» պայթեցմանը ամերիկյան գործող վարչակազմի առնչությունների մասին պնդումները՝ «ամբողջությամբ և բացարձակապես ստահոդ են»։
Ամերիկյան հետաքննական լրագրության լեգենդներից մեկը համարվող, Վիետնամի պատերազմում ամերիկացիների կողմից կատարված ռազմական հանցագործությունների և «Աբու-Գրեյբ» բանտում իրաքցիների հանդեպ կիրառված կտտանքների մասին բացահայտումների հեղինակ Սեյմուր Հերշի ծավալուն հոդվածը էլեկտրոնային փոստով տարածվեց նախօրեին։
Դրանում 85-ամյա ամերիկացի լրագրողը պնդում էր, որ Ռուսաստանից Բալթիկ ծովի հատակով դեպի Գերմանիա գնացող «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարերը անցած տարվա աշնանը պայթեցվել էին ամերիկյան հատուկ ծառայությունների և զինվորականների անմիջական մասնակցությամբ:
Այն որ խողովակաշարը շարքից դուրս էր եկել արտաքին, մեխանիկական միջամտության՝ պարզ ասած սաբոտաժի արդյունքում, դեռ ամիսներ առաջ հաստատել էին նաև Շվեդիայի և Դանիայի իշխանությունները։ Պայթյունը տեղի էր ունեցել այդ երկրների ափերից ոչ հեռու։
Սեյմուր Հերշը, սակայն, պնդում է, որ 2022-ի սեպտեմբերին պայթեցված գազատարը ականապատվել էր դրանից երեք ամիս առաջ՝ հունիսին, այն էլ, իբր, Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի ջրասուզակների կողմից։ Ավելին, լրագրողի պնդմամբ, Ռուսաստանի էներգետիկ ռազմավարության համար անկյունաքարային նշանակություն ունեցող «Հյուսիսային հոսքը» շարքից հանելու որոշումը կայացվել էր դեռ մինչև ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը՝ Սպիտակ տանը ստեղծված աշխատանքային խմբում կայացած քննարկումներից հետո։
Լրագրողի պնդմամբ՝ այդ քննարկումներում ներգրավված էին Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, նրա տեղակալ Վիկտորիա Նուլանդը, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըռնսը, մի շարք բարձրաստիճան զինվորականներ։ Քննարկումների ամենաթեժ պահին, սակայն, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից մոտ երկու շաբաթ առաջ, խստագույն գաղտնիության պայմաններում մշակվող այս գործողությունը տապալման եզրին էր հայտնվել՝ նախագահ Բայդենի մի անզգույշ հայտարարության պատճառով։
«Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, եթե ռուսական զորքերն ու տանկերը հատեն սահմանը, «Հյուսիսային հոսք 2»-ը կդադարի գոյություն ունենալ, մենք դրան վերջ կտանք», - 2022-ի փետրվարի 7-ին հայտարարում էր Բայդենը Գերմանիայի կանցլերի հետ ասուլիսի ժամանակ՝ լրագրողի ճշտող հարցին էլ, թե ինչպես է դա արվելու պատասխանելով՝ «խոստանում եմ ձեզ, մենք ի վիճակի ենք անել դա»։
Բայց անգամ այս բացահայտումից հետո գործողության մշակումը, հոդվածի հեղինակի պնդմամբ, չի դադարեցվել։ Որպես օպերացիայի թիկունքային բազա ընտրվել էր Նորվեգիան, հզոր պայթուցիկ սարքերը Բալթիկ ծովի հատակին՝ շվեդական Բոռնհոլմ կղզու մոտ, տեղադրվել էին 2022 թվականի հունիսին՝ գործի դրվելով սեպտեմբերի վերջին։
Եվ եթե Վաշինգտոնում և Օսլոյում Սեյմուր Հերշի հոդվածը ծայրից ծայր հորինված են անվանում, Մոսկվայում կոչ են անում դրա հիման վրա միջազգային հետաքննություն սկսել։
«Իհարկե, նման հրապարակումների ի հայտ գալը մեկ անգամ ևս ի ցույց է դնում միջազգային հետաքննության անհրաժեշտությունն», -այսօր հայտարարում Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի համոզմամբ էլ՝ Սեյմուր Հերշն իր հոդվածում այնքան էլ մեծ բացահայտումներ չի արել։
«Մենք, իհարկե, մանրակրկիտ կերպով և ուշադրությամբ ուսումնասիրել ենք Հերշի հոդվածը։ Որևէ անսպասելի կամ սենսացիոն բան մեզ համար դրանում չկար։ Մենք ի սկզբանե ելնում էինք նրանից, որ Միացյալ Նահանգներն ու Վաշինգտոնի դաշնակիցներից ոմանք առնչություններ ունենա այդ հանցագործությանը, որն իրենից զինված հարձակում էր ներկայացնում կրիտիկական նշանակություն ունեցող ենթակառույցների առանցքային բաղադրիչներից մեկի վրա», -հայտարարում էր Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
«Հյուսիսային հոսք 1» գազատարը շահագործման էր հանձնվել 2012 թվականին՝ Գերմանիային և Հյուսիսային Եվրոպայի մի շարք երկրներին ապահովելով էժան ռուսական գազով։ «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունն ավարտվել էր 2021 թվականին, սակայն այս մի խողովակաշարն այդպես էլ շահագործման չէր հանձնվել՝ ռուս-ուկրաինական պատերազմի և ԵՄ կողմից Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով։