Մատչելիության հղումներ

Ֆումիո Կիշիդա. «Ռուսների կողմից միջուկային զենքի կիրառումը կլինի մարդկության դեմ թշնամական գործողություն»


Ճապնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան, Տոկիո, արխիվ
Ճապնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան, Տոկիո, արխիվ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան Ավստրալիա կատարած այցի ընթացքում այսօր ասել է, որ Ուկրաինայում ռուսների կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառումը կլինի մարդկության դեմ թշնամական գործողություն:

«Միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին ակնարկները համաշխարհային անվտանգության և խաղաղության լուրջ սպառնալիք են և բացարձակ անընդունելի են»,- ասել է Կիշիդան:

Հաջորդ տարվա մայիսին Հիրոշիմայում նախատեսված է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը:

Ճապոնական այդ քաղաքը դարձել է միջուկային հարվածի առաջին զոհը: 1945 թվականի օգոստոսի 6-ին ամերիկացիներն ուրանային ռումբ են նետել քաղաքի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 140 հազար մարդ:

Երեք օր անց՝ 1945 թվականի օգոստոսի 9-ին, ամերիկացիները պլուտոնիումի ռումբով ոչնչացել են Նագասակին, որտեղ զոհվել է մոտ 80 հազար մարդ: Դրանից հետո միջուկային զենք աշխարհում երբևէ չի կիրառվել:

«Այդ զենքի կիրառումը մարդկության դեմ թշնամական գործողություն է: 77 տարի այն չի գործադրվել, միջազգային համայնքը պետք է այնպես անի, որ միջուկային զենք այլևս երբեք չօգտագործվի»,- ասել է Ճապոնիայի կառավարության ղեկավարը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի առիթներով ակնարկել է որոշակի հանգամանքներում մարտավարական միջուկային սպառազեն օգտագործելու հնարավորության մասին, ինչը լուրջ անհանգստություն է առաջացրել աշխարհում:

XS
SM
MD
LG