Նշանակումների մասին հայտարարվել է Չանքայա պալատում
Թուրքիայի նոր կառավարությունը՝ հանրապետության պատմության ընթացքում թվով 67-րդը, ձևավորվել է հենց հունիսի 3-ին Ազգային մեծ ժողովում 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությունից հետո:
«Ես՝ որպես նախագահ, թուրք մեծ ժողովրդի և պատմության առջև իմ պատվով և ազնվությամբ երդվում եմ պաշտպանել պետության գոյությունն ու անկախությունը»,- հանդիսավորությամբ ընթերցել է երդման խոսքը երրորդ անգամ վերընտրված նախագահը:
Պաշտոնամուտից հետո իշխող վերնախավը տեղափոխվել է Ազգային մեծ ժողովի շենքից մոտ 4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Չանքայա պալատ, որտեղ և նախագահը ներկայացրել է կառավարության կազմը:
Կառավարությունում 17 նախարարներ են: Գործադիրի թիմը գրեթե ամբողջությամբ փոխվել է: Երեք առանցքային դերակատարներ՝ արտաքին գործերի, պաշտպանության և ներքին գործերի նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն, Հուլուսի Աքարն ու Սուլեյման Սոյլուն, Էրդողանի առաջնորդած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ցուցակով ստացել են օրենսդիրների մանդատներ:
Ի դեպ, դեռ շաբաթներ առաջ փորձագետներից շատերը ենթադրել են, որ նախագահը նրանց կառաջարկի շարունակել աշխատանքը գործադիրում:
Չանքայա՝ նախկինում Էրդողանի նստավայր, իսկ մեկ դար առաջ՝ հայ մեծահարուստի պալատ
Չանքայան ժամանակին հանդիսացել է նաև Էրդողանի նստավայրը, սակայն 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Հանրապետության օրը, նախագահը տեղափոխվել է նորակառույց նախագահական համալիր, իսկ Չանքայան փոխանցվել է փոխնախագահին և մի շարք այլ կառույցների:
Չանքայան մինչև 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը պատկանել է ստամբուլահայ մեծահարուստ ոսկերիչ և առևտրական Քասաբյանի ընտանիքին, որն այն թողել և տեղափոխվել է Ստամբուլ:
Այդ պալատում էլ Էրդողանը ներկայացրել է նոր փոխնախագահին՝ Ջևդեթ Յըլմազին:
Փոխնախագահի պաշտոնը հաստատվել է 2017 թվականի սահմանադրական լրամշակումների փաթեթով, և առաջինն այն զբաղեցրել է Ֆուաթ Օքթայը:
Թուրքիայի ֆինանսական քաղաքականությունը կարող է էապես վերանայվել
Գանձապետարանի և ֆինանսների նախարար է նշանակվել Մեհմեթ Շիմշեքը, պաշտպանության նախարար՝ Յաշար Գյուլերն, իսկ արտաքին գործերի նախարար՝ Հաքան Ֆիդանը:
Կառավարությունում միակ կինը Մահինուր Օզդեմիր Գյոքթաշն է, նա ստանձնել է ընտանիքի և սոցիալական ծառայությունների գերատեսչության ղեկավարումը:
Վերլուծաբանների համոզմամբ, Շիմշեքի նշանակումը վկայում է Թուրքիայում սոցիալական սուր ճգնաժամը մեղմելու Էրդողանի ցանկության մասին: Շիմշեքը համարվում է առավել ուղղադավան տնտեսական քաղաքականության կողմնակից, ով առաջիկա ամիսներին, հավանաբար, կսկսի փուլերով բարձրացնել բանկային տոկոսադրույքը:
Դա կնշանակի հրաժարում տոկոսադրույքը համառորեն իջեցնելու և ահավոր սղաճն անտեսելու Էրդողանի հայեցակարգից:
Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մինչ այդ նշանակումը զինվորական կոչումով գեներալ էր և զբաղեցրել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:
Բաքուն ուղերձներ է փոխանցել պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին
Հաքան Ֆիդանն էլ նախքան Թուրքիայի գլխավոր դիվանագետ նշանակվելը 2010-23 թվականներին ղեկավարել է ազգային հետախուզության կազմակերպությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հատուկ ուղերձով դիմել է Հուլուսի Աքարին և շնորհակալություն է հայտնել Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանին սատարելու համար:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն էլ երեկ հեռախոսով շնորհավորել է Հաքան Ֆիդանին և նրան հրավիրել է Բաքու:
Թուրքիայի արդեն նախկին արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր նախարարության անձնակազմին է ներկայացրել Հաքան Ֆիդանին:
Արտաքին քաղաքականությունը կհիմնվի Թուրքիայի ինքնիշխանության վրա
«Ես կանեմ հնարավորը մեր պետության և ազգի տարածքային ամբողջականության, անվտանգության և բարօրության համար: Կշարունակեմ աշխատել «ազգային արտաքին քաղաքականության» տեսլականի վրա, այն հիմնված է մեր պետության անկախության, մեր ժողոովրդի բացարձակ ինքնիշխանության երաշխավորման և արտաքին բոլոր տեսակի ազդեցությունները կանխելու վրա»,- հավաստիացրել է նորանշանակ արտգործնախարարը:
Ենթադրվում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ավանդույթի համաձայն, առաջին արտասահմանյան այցերը կկատարի Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն և Ադրբեջան: