Պատմական խնդիրները գործնականում ռեալ պոլիտիկ խնդիրներ չեն, եթե տվյալ պահին երկու պետությունների շահերը պրագմատիկ իմաստով համընկնում են, «Ազատության» հետ զրույցում ասաց Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցի շուրջ քննադատություններին։
Ընդդիմադիրներն անպատեհ էին համարել Փաշինյանի այցը Թուրքիա՝ պնդելով, թե Թուրքիայի նախագահը ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես, նաև մերժում է Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը։
Պետական հարաբերությունները և պատմական խնդիրները գործնականում լրիվ տարանջատված են, նկատեց Գոչունյանը՝ շեշտելով՝ 30 տարի այդպես է։ Սակայն, նրա համոզմամբ, պատմական խնդիրները որպես քաղաքական գործոն առաջ են քաշվում, երբ քաղաքական հարթության վրա խոչընդոտներ են առաջանում և կողմերից որևէ մեկը տվյալ պահին չկամություն է զգում՝ գործընթացը շարունակելու համար։
«Բոլորը գիտեն, որ պատմական խնդիրները գործնականի մեջ ռեալ պոլիտիկ խնդիրներ չեն, եթե տվյալ պահին երկու պետությունների շահերը համընկան պրագմատիկ իմատով, էդ պահին արդեն պատմական խնդիրները պետք է որևէ խոչընդոտ չդառնան», - ասաց Գոչինյանը՝ նկատելով՝ սա չի նշանակում, որ պատմական խնդիրները լրիվ անկարևոր են։
Գոչունյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․